ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Artsakh Career Expo»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աշխատանք գտնելու լավագույն հարթակ. այն կհամախմբի մի շարք ընկերությունների

«Artsakh Career Expo»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար աշխատանք գտնելու լավագույն հարթակ. այն կհամախմբի մի շարք ընկերությունների

«Artsakh Career Expo»-ն, որն աշխատանքի տոնավաճառ է և անցկացվելու է հոկտեմբերի 31-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա աշխատանք գտնել
Հայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։

«Artsakh Career Expo»-ում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց հնարավոր թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցում էքսպոյի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղայմանն ասաց՝ «Artsakh Career Expo»-ն ինքնաբուխ նախաձեռնություն է, որի գաղափարի հեղինակն ինքն է: «Տեսնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վիճակը՝ պատկերացրինք, որ մինչև նրանք գան Հայաստան, փոքր ինչ ադապտացվեն, երկու շաբաթ անց ամենաճիշտ ժամանակը կլինի նրանց համար աշխատանքի տոնավաճառ կազմակերպել»,-նշեց նա և տեղեկացրեց՝ տոնավաճառը բաց է լինելու ժամը 13:00-ից 20:00-ը:

Բարեղամյանի խոսքով՝ վստահ են եղել, որ տոնավաճառը հետաքրքիր է, սակայն չեն ակնկալել, որ շատ մեծ արձագանք կստանա, այնինչ տեղեկությունը համացանցում տարածելուց հետո տեսել են, որ շատ-շատերն են հետաքրքրված:

Նախաձեռնության շուրջ Բարեղամյանը համախմբել է իր գործընկերներին՝ Անի Ասոյանին, Էմմա Մամունցին, Իսկուհի Ստեփանյանին: Նա խոստովանում է՝ աջակիցներ ունեն, սակայն հիմնականում իրենց միջոցներով են կյանքի կոչում էքսպոն: «Համագործակցության համար դիմել ենք տարբեր կազմակերպությունների. օրինակ՝ «Էլիթ պլազա»-ն սրահն անվճար է տրամադրել, «Թովմասյան» հիմնադրամն աջակցել է սննդի ապահովման, բեռնափոխադրման և մարքեթինգային հարցերում»,-շեշտեց Մանե Բարեղամյանը:

Անդրադառնալով էքսպոյում ներկայացված կազմակերպություններին՝ նա ասաց՝ կան 25-ից ավելի գործատու կազմակերպություններ, որոնք շատ տարբեր բնագավառներից են՝ ՏՏ ընկերություններ, սպասարկման ոլորտի հարթակներ, բջջային օպերատորներ և այլն: Կա առանձին կրթական մաս: «Ցանկանում ենք՝ տոնավաճառում մարդիկ ոչ միայն աշխատանք գտնեն, այլև հետաքրքիր դասընթացներ, ծրագրեր, որոնցից կարող են օգտվել զեղչերով կամ անվճար հիմունքներով. մեր առաջին նախապայմանը եղել է այն, որ մասնակցեն բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն ամենաքիչը 20 ազատ հաստիք: Այդպես աշխատանք գտնելու հավանականությունը հնարավորինս մեծ կլինի»,-ասաց Մանե Բարեղամյանը:

Էքսպոյի շրջանակում կհյուրընկալվեն նաև խոսնակներ, որոնք վարպետության դասեր կանցկացնեն, կօգնեն մարդկանց ճիշտ կենսագրականներ կազմել, համապատասխան կառույցներին դիմել և այլն:

«Փորձել ենք այնպիսի միջոցառում ստանալ, որ մասնակիցները թե՛ աշխատանք, գտնելու, թե՛ կրթվելու, թե՛ զարգանալու հնարավորություն ունենան: Մեր հիմնական թիրախը արցախահայերն են, սակայն միջոցառումը բաց է և անվճար: Այն կոմերցիոն չէ, բարեգործական նպատակով է իրականացվում»,-եզրափակեց «Artsakh Career Expo»-ի համահիմնադիր կազմակերպիչը:

  • Կիսվել: