ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետական նախարարն ընդգծել է դպրոցի ունկնդիրների ավանդական դարձած այցերի կարևորությունը՝ նշելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն է ընձեռելու ապագա դիվանագետներին տեղում պատկերացում կազմել Արցախի, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, որը կօգնի հետագայում միջազգային հարթակներում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ կատարել:

Բեգլարյանը հորդորել է ներկաներին նախաձեռնողական, հետևողական ու ստեղծագործ լինել դիվանագիտական ծառայության մեջ, և այդ որակների շնորհիվ հնարավոր կլինի հասնել նույնիսկ անհնարին թվացող արդյունքների: Իր խոսքում Վ. Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ապագա դիվանագետների շփումներն Արցախում: Ա. Բեգլարյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, հայկական երկու պետությունների համագործակցությանն, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:

 

  • Կիսվել: