ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱրՊՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

ԱրՊՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

Այսօր՝ հուլիսի 11-ին,պատերազմի և համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից անցկացվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ամենամյա դասընթացները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից, որն այս տարի հայտարարված մրցույթում, որպես կազմակերպիչ, հաղթող է ճանաչվել։ Արցախի մայր բուհում քաղծառայողների դասընթացները կշարունակվեն մինչև հուլիսի 16-ը։

ԱՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ, դասընթացների համակարգող Ջիվան Հարությունյանի խոսքով՝ վերապատրաստմանը մասնակցում են հանրապետության 28 կառույցից գործուղված 341 քաղծառայող, ձևավորված է 26 խումբ և ՔԾԽ-ի կողմից հաստատված 26 ծրագիր, որոնք, ըստ մասնագիտական ոլորտների, համաձայնեցվել են համապատասխան գերատեսչական մարմինների հետ։

«Վերապատրաստումը կիրականացվի երկու հերթով, որում ընդգրկված են 48 դասախոսներ ու բարձրակարգ մասնագետներ ինչպես ԱՀ գերատեսչական մարմիններից, այնպես էլ ՀՀ առաջատար բուհերից»,-տեղեկացրել է Ջ․Հարությունյանը՝ մանրամասնելով, որ հրավիրված դասախոսներ կան ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ՀՊՏՀ-ից, ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ից և այլ հաստատություններից։

ԱՀ ՔԾԽ տեղակալ Ջ․ Հարությունյանը գոհունակություն է հայտնել նաև դասընթացների կազմակերպման պայմաններից․

«ԱրՊՀ-ում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ դասընթացները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար․ լսարանների կահավորվածությունը, տեխնիկական հագեցվածությունը և այլ անհրաժեշտ պայմանների առկայությունը թույլ կտան բարձր մակարդակով կազմակերպելու դասընթացները»։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դասախոս Գայանե Հովհաննիսյանը դասընթացավարներից է, ով անձամբ է մշակել քաղծառայողների համար նախատեսված «Փաստաթղթերի մշակում» մոդուլը։

«Վերապատրաստումներին մասնակցելը քաղծառայողների և՛ իրավունք, և՛ պարտականություն է դիտարկվում։ Շատ կարևորում եմ կառավարչական հմտությունները։ Այն թեման, որ այսօր դասավանդում եմ, կոչվում է փաստաթղթերի նախապատրաստում, իսկ կառավարչական աշխատանքում փաստաթուղթը հանդես է գալիս և՛ որպես աշխատանքի առարկա, և՛ որպես աշխատանքի արդյունք։Որակյալ փաստաթուղթ կազմելը հենց քաղաքացիական ծառայողի պարտականություններից է բխում։ Այս մոդուլը մշակել եմ որպես կոմպետենցիա և հուսամ Արցախի քաղծառայողների համար հետաքրքիր կլինի»,- կարևորելով վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը, նշել է Գ․ Հովհաննիսյանը։

ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի անշարժ գույքի կադաստրի վարչության Մարտակերտի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Առաքելյանը, ով երկրորդ անգամ է մասնակցում քաղծառայողների վերապատրաստման դասընթացներին, Մասնագիտական զարգացման համար կարևորում և անհրաժեշտություն է համարում վերապատրաստումները։

«Նման դասընթացները մեզ փոխանցում են մասնագիտական նոր գիտելիքներ, փորձ, հմտություններ և ամենակարևորը՝ հնարավորություն են ընձեռում տեղեկանալու և յուրացնելու ոլորտի ժամանակակից զարգացումները, առաջավոր փորձն ու նորարարությունները»,- մանրամասնել է նա։

  • Կիսվել: