կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱրՊՀ-ում գործող ադրբեջանագիտության կենտրոնի ուսանողները հավաստագրեր են ստացել

ԱրՊՀ-ում գործող ադրբեջանագիտության կենտրոնի ուսանողները հավաստագրեր են ստացել

Արցախի պետական համալսարանում Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի կողմից բացված՝ Կարո Կարապետյանի անվան ադրբեջանագիտության կենտրոնի դասընթացների առաջին փուլի մասնակից 13 ուսանող նախօրեին հավաստագիր է ստացել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը պատմել է, որ պատերազմից հետո, բացելով կենտրոնը, խնդիր էին դրել կրթության և գիտության միջոցով նպաստել Արցախի վերականգնմանն ու զարգացմանը։

«Անցած տարվա սեպտեմբերին, երբ հանդիպեցինք ԱրՊՀ ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, խնդիր դրեցինք ճանաչել հարևան երկրների լեզուն և ոչ ֆորմալ կրթության միջոցով ուսուցանել ադրբեջանագիտություն։ Դիմորդները շատ էին, բայց, քանի որ մենք կարևորում ենք որակը, ընտրեցինք 15 ուսանողի։ Երկուսի ուսումնառությունը հենց սկզբից դադարեցրինք՝ նրանց հետևողականության բացակայության պատճառով։ Դասընթացը յուրացրած ուսանողները տիրապետում են նվազագույնը 2500 բառի քերականությանը, ադրբեջաներենի շարահյուսությանը, ինչպես նաև պատմությանը, քաղաքականությանը և այլն»,-մանրամասնել է Ա. Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ հավաստագրեր ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սովորող ադրբեջանագիտության կենտրոնում ուսումնառությունը կշարունակի ևս 8 ամիս։ Ավարտին նրանք կստանան դիպլոմներ։

  • Կիսվել: