ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմավիրի թեմի առաջնորդն Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ Ամարասում Սուրբ Պատարագ է մատուցել

Արմավիրի թեմի առաջնորդն Արցախի թեմի առաջնորդի օրհնությամբ Ամարասում Սուրբ Պատարագ է մատուցել

Այսօր` մայիսի 1-ին` «Աշխարհամատրան» կամ «Կանաչ կիրակի» կոչվող տոնին Ամարասի վանական համալիրում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Սուրբ և Անմար Պատարագ է մատուցել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի թեմի առաջնորդն իր եղբայրական ջերմ սերն ու ողջույնն է հղել Արցախի ՀԱԵ թեմին, արժանավոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին` Սուրբ Ամարասի վանական համալիրում Պատարագ մատուցելու հնարավորություն ընձեռնելու համար:

«Ամարասի վանական համալիրում աղոթքը շարունակական է, և այդ աղոթքը մենք պետք է դարձնենք շարունակական մեր հավատքով ու ներկայությամբ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ կորցնում ենք մեր արժեքները: Աղոթքի զորությամբ է, որ մենք կարող ենք պաշտպանել մեր սրբազան իրավունքները: Այսօր էլ եկել ենք ուխտի, որպեսզի բոլորս աղոթենք, որ Տերը իմաստություն պարգևի մեր ժողովրդին, որովհետև իմաստությամբ, միասնությամբ ու հավատքով կարող ենք հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները, որոնք կծառանան մեր առջև: Հետևաբար բոլորս պետք է լցվենք հայրենասիրությամբ ու հավատքով, քանզի առանց հավատքի ոչ մի գործ ի կատար չի ածվի»,-նշել է Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Սուրբ Հարության տոները շարունակվում են:

«Այսօր հրաշալի մի տոն է մեզ համար, որը մեր տիրոջ` Հիսուս Քրիստոսի կողմից է հիմնվել: Մեր սրտերն ու հոգիները ավելի են ջերմանում, երբ Սրբազան Պատարագ է մատուցում մեր սիրելի հոգևոր եղբայր, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Երբ մենք մեր Հարության տոները տոնում ենք, մեր հոգին հոգևոր իմաստվ է ջերմանում: Մենք շնորհակալ ենք մեր հոգևոր եղբորը, որ, առաջնորդելով Արմավիրի թեմի իր փոքրիկ հոտը, եկել և հասել է պատմական Ամարաս, որ հիմնվել է մեր հավատքի հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի անմիջական ներկայությամբ, և առաջին Պատարագն են մատուցել այստեղ,»-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սուրբ և Անմար Պատարագի ավարտից հետո եկեղեցու հավատավորները օրհնություն են ստացել Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի կողմից:

  • Կիսվել: