ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արևային դպրոցներ Արցախում». մեկնարկում է նոր ծրագիր

«Արևային դպրոցներ Արցախում». մեկնարկում է նոր ծրագիր

«ՌեԱրմենիա» հարթակը և «Վյուն» գործակալությունը համատեղ նախաձեռնել են «Արևային Արցախ» ծրագիրը, որի նպատակը Արցախում արևային էներգիայի կիրառումն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Վյուն» գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանը:

«ռեԱրմենիա» հարթակ հայտ ներկայացրեցին «Հավասար հնարավորություն» հասարակական կազմակերպությունը և Մարտունու երիտասարդական կենտրոնը։ Նրանք առաջարկում էին «Արևային դպրոցներ Արցախում» նախագիծը: Եվ հենց այսպես էլ այն սկսեց կյանքի կոչվել: Նախագծի շրջանակներում նախատեսվում է Մարտունու շրջանի Ճարտար, Քերթ, Սպիտակաշեն, Բերդաշեն համայնքների, ինչպես նաև քաղաք Մարտունու դպրոցներում արևային կայաններ տեղադրել, որոնք կմատակարարեն մշտական անվճար էլեկտրաէներգիա ոչ միայն դպրոցներին, այլ նաև՝ հարակից հանրային կառույցներին: Ըստ էության՝ էլեկտրաէներգիա արտադրողը դպրոցն է դառնում` այդպիսով խնայելով նաև էլեկտրականության համար վճարվող գումարը»,-նշել է Կ. Թոմիկյանը՝ հավելելով, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 29 մլն դրամ:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց՝ նախագծի մեկնարկի ժամանակ Արցախը դեռ շրջափակման մեջ չէր, և ծրագիրը հավանության է արժանացել, քանի որ պատերազմից հետո, հատկապես` Արցախում, արդիական է արևային էներգիայի կիրառումը։

«Պատերազմի ժամանակ նույն Մարտունու շրջանի ամբողջ էներգետիկ համակարգը վնասվել էր, և հոսանքի անջատումները պարբերական, երկարատև բնույթ էին կրում: Արևային կայանները ունեն երկու կարևոր բաղադրիչ` էներգախնայողությունն ու էներգետիկ անկախությունը, որոնք ապահովում են մարտկոցները: Սրանք կրկնակի թանկ են,և շատ դեպքերում մարտկոցներով տարբերակը նպատակահարմար չէ: Մեր նախատեսած հինգից` Սպիտակաշեն համայնքի կայանը ևս մարտկոցով կլինի և կունենա էներգետիկ անկախություն: Եվ Սպիտակաշենը, ըստ էության, ցանկացած ճգնաժամային իրավիճակում կկարողանա մշտապես էլեկտրաէներգիա ունենալ, ինչից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերը»,-մանրամասնել է տնօրենը:

Ըստ Կ. Թոմիկյանի` աշխատում են փուլային տարբերակով: Առաջին կայանը կտեղադրվի Քերթի դպրոցում, երկրորդը՝ Սպիտակաշենի, հաջորդաբար՝ Բերդաշենի և Ճարտարի, իսկ վերջում՝ քաղաք Մարտունու դպրոցում:

«Այս պահին Քերթի դպրոցի կայանի գումարն արդեն ունենք, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով կայանի տեղադրումն ուշանում է, որովհետև կայանները պետք է ներմուծվեն: Հիմա մենք անհրաժեշտություն ունենք գումարն ամբողջությամբ հավաքելու, որպեսզի ճանապարհը բացվելուն պես` կարողանանք գործընթացն ավարտին հասցնել»,-ընդհանրացրել է գործակալության տնօրենը` գործին աջակցել ցանկացողներին հորդորելով միանալ ծրագիրը կյանքի կոչելու կարևոր գործին։

  • Կիսվել: