երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Deutsche Welle-ի անդրադարձը

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Deutsche Welle-ի անդրադարձը

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը լրատվական հաղորդման շրջանակում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

Նյութում նշվում է, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցի «էկոակտիվիստները»:

«Ամանորի նախօրեին դատարկ են խանութները և սննդամթերքի շուկաները: Ստեփանակերտի դեղատներում սպառվում են կենսական նշանակության դեղորայքը և հիգիենայի պարագաները»,- ասվում է հաղորդման մեջ:

Անդրադարձ է կատարվել Ստեփանակերտում անցկացված լայնամասշտաբ հանրահավաքին, նշվել, որ փողոց դուրս եկածները Հայաստանի և Արցախի դրոշներով բողոքել են Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ:  

Շեշտվել է, որ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները, սակայն Երևանը հայտարարում է, որ դեկտեմբերի 12-ից նրանք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, և մեղադրում է Ադրբեջանին մարդասիրական ճգնաժամ ստեղծելու համար։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վստահեցնում են, որ միջանցքի փակումը պատերազմի շարունակությունն է՝ այլ միջոցներով: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը հայերի վրա ճնշում գործադրելու միջոց է՝ նրանց ստիպելու զգալ անվստահություն և հավատիացնելու, որ Արցախում ապագա չկա: Նպատակը Ղարաբաղի հայաթափումն է:

  • Կիսվել: