շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արդեն երկու ամիս է չորս հայ հոգևորականներ գտնվում են Դադիվանքում փաստացի պատանդի կարգավիճակում՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ հոգևորականների հերթափոխին

Արդեն երկու ամիս է չորս հայ հոգևորականներ գտնվում են Դադիվանքում փաստացի պատանդի կարգավիճակում՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ հոգևորականների հերթափոխին

 

Արդեն տևական ժամանակ է՝ հայ ուխտավորները չեն կարողանում մուտք գործել Դադիվանքի վանական համալիր ադրբեջանական կողմից առաջ քաշվող արհեստական և կեղծ պատճառաբանությունների պատճառով։

Այս մասին medialab.am-ին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Ըստ նրա, մայիսի 2-ից ադրբեջանական կողմը նաև խոչընդոտում է հայ հոգևորականների գործունեությունը։

Թեմը չի կարողանում փոխարինել այսօր Դադիվանքում գտնվող հոգևորականներին։ Երկու ամիս է՝ ինչ նույն հոգևորականներն են գտնվում վանքում՝ չորս հոգով։

«Ամեն անգամ ռուս խաղաղապահների միջամտությամբ, կարծես թե, ստանում ենք հավաստիացումներ, որ կկազմակերպվի հոգևորականների հերթափոխը, սակայն վերջին պահին միշտ էլ հրաժարվում են ձեռք բերված պայմանավորվածություններից։ Նշեմ, որ վանքի հատուկ պահպանության և այնտեղ հայ հավատացյալների պարբերական այցերի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բանավոր՝ քաղաքական ամենաբարձր մակարդակում, սակայն, ինչպես տեսնում եք, պայմանավորվածությունները չեն պահպանվում»,- նշում է Ստեփանյանը` հավելելով, որ Ռուսական կողմը տեղեկացված է իրավիճակին:

«Այսօր էլ Դադիվանքում գտնվող հոգևորականների համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ մատակարարվում են ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով, որովհետև հայկական կողմից որևէ մեկը չի կարողանում մուտք գործել տարածք: Արցախի թեմի ներկայացուցիչները նրանց հետ մշտական կապի մեջ են։ Բացի դրանից, վանքի տարածքում են նաև ռուս խաղաղապահները, և կապը պահպանվում է նաև նրանց միջոցով:

Ամեն շաբաթվա վերջին թեմը ռուս խաղաղապահների միջոցով հոգևորականներին մատակարարում է սնունդ և անհրաժեշտ պարագաներ»,- ընդգծում է նա։ ՄԻՊ-ի խոսքով, խնդիրը կարգավորելու ուղղությամբ, կարծես թե, գործընթացներ գնում են, բայց ամեն անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները ադրբեջանական կողմը խախտում է։

«Հաշվի առնելով, որ համաձայնությունը ձեռք էր բերվել հենց ռուսական կողմի միջնորդությամբ, ռուսական կողմը պետք է պարտավորեցնի ադրբեջանցիներին պահպանել պայմանավորվածությունները»,- ընդգծում է Ստեփանյանը։

ՄԻՊ-ը նշում է, որ այսօր էլ խոսել է թեմի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են, որ հոգևորականների համար պայմաններ ստեղծված են, սակայն հստակ է, որ նրանց փոխարինելու խնդիր կա, որովհետև արդեն 2 ամսից ավելի է՝ գտնվում են այնտեղ։ «Նրանց փոխարինող հոգևորականները գտնվում են Գանձասարի վանքում, և առաջին իսկ հնարավորության դեպքում հերթափոխ կիրականացվի»,- պարզաբանել է Ստեփանյանը։

ՄԻՊ-ը նաև ընդգծել է, որ խնդրի մասին տեղեկացված են տարբեր կառույցներ։ «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, մենք էլ մեր հերթին այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն ինչպես բազմաթիվ այլ հարցերի դեպքում, այս հարցում էլ առկա են միջազգային կազմակերպությունների պասիվությունն ու անտարբերությունը»,- եզրափակել է Ստեփանյանը։

  • Կիսվել: