հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախյան հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը անընդունելի են. ԱՀ ՄԻՊ

Արցախյան հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը անընդունելի են. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու փորձերն անընդունելի են:

 Ստորև ներկայացնում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
 
«Հունիսի 22-ին ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։
 
Հունիսի 21-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:
 
Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:
 
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի է համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից, և կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։
 
Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին Պաշտպանը հորդորում է գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
 
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին»:

  • Կիսվել: