կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար ձեռներեցության դասընթաց կկազմակերպվի

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար ձեռներեցության դասընթաց կկազմակերպվի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) Արցախյան 44֊օրյա պատերազմի մասնակիցների համար կմեկնարկի «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով անվճար դասընթացների շարք։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։ Բուհն այդ առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է՝ դասընթացը կանցկացվի ընթացիկ տարվա նոյեմբերի 22֊ից մինչև 26֊ը և նախատեսված է 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից տեղափոխված ուսանողների, բռնի տեղահանվածների և այլ ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձինք ևս կարող են գրանցվել և մասնակցել:

«Ներկայիս տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և մարտահրավերներին արձագանքում է Ձեռնարկատիրական կրթությունը, որն ուղղված է ստեղծագործական և նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում: Վերջին մեկ տարվա ընթացքում 44 օրյա պատերազմի հետևանքով առավել խորացած սոցիալ-տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները ծառացել են ոչ միայն հայաստանաբնակ հայերի, այլ նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առջև: Արցախահայությունն ապրում է դժվար ժամանակներ, և, ի աջակցություն վերջիններիս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» («Creative Spark») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։ Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելի կառուցման ժամանակակից գործիքներին։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, բիզնես մոդելի կառուցման, ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով»,֊ նշվում է հաղորդագրության մեջ։

Դասընթացով հետաքրքրված և մասնակցել ցանկացող անձինք կարող են գրանցվել՝ հետևյալ հղումով՝ իսկ հարցերի դեպքում զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 հեռախոսահամարներին կամ նամակ ուղարկել հետևյալ էլ.հասցեներին՝ [email protected][email protected]:

  • Կիսվել: