հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախը շրջափակման մեջ է 100 օր, իսկ մեծ հաշվով՝ մի քանի տասնամյակ. Դավիթ Բաբայան

Արցախը շրջափակման մեջ է 100 օր, իսկ մեծ հաշվով՝ մի քանի տասնամյակ. Դավիթ Բաբայան

Արցախը շրջափակման մեջ է 100 օր։ Չնայած, մեծ հաշվով, Արցախը շրջափակման մեջ է մի քանի տասնամյակ, դիվանագիտական, քաղաքական, բարոյական շրջափակման մեջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Բայց մենք կդիմանանք, անպայման։ Ադրբեջանն այժմ բոլորովին հաշվի չի նստում բարոյականության, միջազգային իրավունքի նորմերի հետ, պարզապես ցինիկ քաղաքականությւոն է վարում, եւ դրա հերթական հաստատումն է վայ-բնապահպանի արտահայտությունը, որն ի լուր ողջ աշխարհի հայտարարել է պաշտոնական Բաքվի քաղաքականությունն այն մասին, որ «մեզ քեբաբ են դարձնելու»։

Մի կողմից՝ 100 օրը մեծ ժամկետ չէ, մյուս կողմից՝ յուրաքանչյուր րոպեն հավերժություն է։ Բայց մենք պարտավոր ենք դիմանալ, որովհետեւ հարցն այստեղ մեր ապագան է, այն, թե արժանի կլինենք արդյոք ժողովուրդ, հայեր եւ պարզապես մարդիկ կոչվելու։ Ցանկացած փորձություն, որը տրվում է ոչ միայն մարդուն, այլեւ ժողովրդին, Աստված է տալիս, որպեսզի այն հաղթահարվի։ Մենք պարտավոր ենք հաղթահարել, որովհետեւ սա մեզանից յուրաքանչյուրի եւ ընդհանրապես ժողովրդի առաքելությունն է։

Ափսոս, որ միջազգային հանրությունն անտարբեր է Արցախի տառապանքի հանդեպ։ Բայց դա չի նշանակում, թե վիրուսըտ, եթե հիմա այն չկանգնեցվի, այլ տեղեր չի սողոսկի։ Մենք շրջափակման մեջ ենք, բայց մենք նահանջելու տեղ չունենք»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից բնապահպանական ակցիայի շղարշի ներքո փակել է Լաչինի միջանցքը։ Անցումը թույլատրվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։ Այսօր լրացել է Արցախի շրջափակման 100 օրը։

  • Կիսվել: