ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը. Արթուր Թովմասյան

Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը. Արթուր Թովմասյան

Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների անդամների հետ հանդիպումից հետո, ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը:

«Մենք կայացրել ենք ճիշտ որոշում՝ գնալ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Եթե իրավիճակի փոփոխություն լինի, անմիջապես մենք կհավաքենք և կընդունենք համապատասխան որոշում, որովհետև բոլորիս համար երկրի շահն ավելի կարևոր է: Ի դեպ, այնպես չէ, որ քաղաքական այն ուժերը, որոնք այս օրերին հայտարարում են, որ ընտրությունները պետք է հետաձգել, ավելի են մտահոգված ժողովրդի ճակատագրով, քան այն ուժերը, որոնք հետևում են իրադարձությունների զարգացմանը: Այս պահին Արցախում խուճապային տրամադրություն չկա, որովհետև պատկան մարմիններն անում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները, և իրավիճակը վերահսկելի է»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

Խոսելով դիտորների մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ հնարավոր է՝ միջազգային դիտորդները քիչ լինեն, և դա կլինի առաջին դեպքն Արցախում՝ կապված Նոր կորոնավիրուսի հետ:

«Քաղաքական բոլոր ուժերն ընտրական տեղամասերում ունեն վստահված անձեր: Կարծում եմ, որ պետք է տեղական դիտորդների թիվը համաչափ ավելացնել:Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կլինի ողջ արցախահայության հաղթանակը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:

Նա հավելել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, Նոր կորոնավիրուսի հետ կապված, մինչև մարտի 31-ը հանրության հետ հանդիպումներ չեն կազմակերպվելու. դրանք սոցիալական հարթակում իրականացնելու են այլ ձևաչափերով:

Նշենք, որ, ըստ ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկատվության, Արցախում Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել:

  • Կիսվել: