չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արցախում շուտով կմեկնարկի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությունը

Արցախում շուտով կմեկնարկի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միանվագ դրամական օգնության ծրագիրը, նախատեսված՝ Արցախում փաստացի բնակվող տեղահանված ընտանիքների 0-17 տարեկան երեխաների համար, կմեկնարկի այս տարվա օգոստոս ամսից: «Ազատ Արցախ«-ի հետ զրույցում Արցախի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսաելյանը տեղեկացրեց, որ ըստ հայտարարության՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող քաղաքացիները ներկայացել են ու գրանցվել:

"Տեղական կառույցների հետ ճշգրտվել են նրանց տվյալները ապա ընդգրկվել են ծրագրում",-ասաց Մուսայելյանը:

Նրա հաղորդմամբ, Արցախում Կարմիր Խաչը նաև պատերազմից վնասված բնակարանների և հիվանդանոցների ու դպրոցների վերանորոգման ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով ԱՀ կառավարության հետ:

"Ներկայում Մարտունի քաղաքում վերանորոգվում է դպրոցական շենքի տանիքը: Դպրոցի վերանորգման աշխատանքներ են նախատեսված նաև Մարտակերտում",-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնակի վերանորոգման ուվերակառուցման աշխատանքներ. բարելավելու են շենքային և աշխատանքային, ինչպես նաև անվասայլակներով ազատ տեղաշարժվելու պայմանները։

Արցախյան 3-րդ պատերազմի օրերին և դրանից հետո ԿԽՄԿ-ն Արցախում ստիպված է եղել փոխել ծրագրային ուղղությունները և սկսել նոր ծրագրեր: Նոր ծրագրերում հիմնականում ընդգրկված են տեղահանված ընտանիքները ու նաև սահմանամերձ գյուղի բնակիչները:

"Սկզբնական շրջանում ԿԽՄԿ-ն փորձում էր օգնել այդ ընտանիքների խնդիրներին միայն արագ լուծումներ տալով՝ տրամադրելով սննունդ, հիգիենայի պարագաններ, իսկ այսօր զուգահեռ իրականացնում է ծրագրեր՝ նրանց եկամտի սեփական աղբյուրներով ապահովելու համար",- ասաց Էթերի Մուսաելյանը՝ հավելելով, որ այս տարվա ապրիլին Արցախի մոտ 70 գյուղերում բնակություն հաստատած տեղահանվածներին տրամադրվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ և տարբեր պարագաներ՝ հողագործությամբ զբաղվելու համար։

"Շահառուներին սննդով ապահովելու ծրագիրը Կոմիտեն կշարունակի այնքան ժամանակ, մինչև սննդի տեսանկյունից ինքնաբավ դառնան",-հավաստիացրեց ԿԽՄԿ տեղեկատվական բաժնի պատասխանատուն՝ ընդգծելով, որ ծրագրերն առավել հասցեական դարձնելու համար իրենց աշխատակիցները պարբերաբար այցելում են տարբեր գյուղերում բնակվող տեղահանվածներին:

Ըստ Մուսայելյանի՝ առաջնահերթություն տալով տեղահանված բնակչությանն օգնելուն ՝ ԿԽՄԿ-ն զուգահեռ իրագործում է նաև նախկին ծրագրերը: Շարունակվում է միայնակ, կարիքավոր թոշակառուներին ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի շահառուների ամենամսյա թոշակը համապատասխանեցվում է նվազագույն աշխատավարձի չափին:
Կարմիր Խաչի արցախյան առողջապահական ծրագրերի շրջանակում՝ կահավորվումից բացի, բուժսարքավորումներ են տրամադրվում Հանրապետության շրջկենտրոնների բուժհաստատություններին:

 

 

  • Կիսվել: