ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում շաքարային դիաբետով տառապող երեխաները շարունակական մոնիթորինգի սարքեր են ստացել

Արցախում շաքարային դիաբետով տառապող երեխաները շարունակական մոնիթորինգի սարքեր են ստացել

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ, «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի և ԱՀ Առողջապահության նախարարության համագործակցության շրջանակներում «Արևիկ» մանկական բուժմիավորումում տարեկան շաքարային դիաբետ ունեցող 0֊18 տարեկան երեխաների համար ձեռք են բերվել «itelliGO free» ֆիրմայի շարունակական մոնիթորինգի սարքեր։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանը ասել է, որ ձեռք բերված սարքավորումները էլ ավելի կհեշտացնեն շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժումը։

«Սարքը տեղադրվում է ենթամաշկին, որը տասնչորս օրը մեկ փոխվում է։ Այն երեք րոպե հաճախականությամբ չափում է հիվանդի շաքարը և փոխանցում իրեն ամրացված հատուկ սարքին, որն էլ իր հերթին փոխանցում է ծնողի հեռախոսին։ Օնլայն ռեժիմով ծնողը, երեխան և բուժող բժիշկը տեսնում են շաքարային դիաբետի թվերը։ Սա շատ կարևոր է, քանի որ երեք րոպե հաճախականությամբ մենք տեսնում ենք երեխայի վիճակն ամբողջ օրվա կտրվածքով»,-ներկայացրել է Շ. Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նոր սարքավորման առավելություններից մեկն էլ այն է, որ, նորմայից ցածր և բարձր թվերի առկայության դեպքում, սարքը ազդանշան է տալիս և զգուշացնում ծնողին, որպեսզի հիվանդի նկատմամբ ավելի ուշադիր լինի։ Սարքավորումների շնորհիվ հնարավոր է նաև կանխել հիվանդության բարդությունները, ինչն էլ բուժման հիմնական նպատակն է։ Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է, որ հիվանդության առաջին նշաններն են հաճախակի միզարձակությունը, շատ ջրօգտագործումն ու մարմնի զանգվածի նվազումը։

«Ծրագիրը նախատեսված է քսանհինգ երեխայի համար։ Նրանք անվճար ստանում են այդ սարքավորումները։ Սկզբնական շրջանում ծրագիրը կգործի հիմնադրամի, իսկ հետո՝ պետական միջոցներով»,-ընդհանրացրել է բժիշկը։

  • Կիսվել: