կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական լեզվին, իսկ ռուսերենը ընդունել որպես աշխատանքային լեզու. ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսների բաց նամակը պատգամավորներին

Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական լեզվին, իսկ ռուսերենը ընդունել որպես աշխատանքային լեզու. ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսների բաց նամակը պատգամավորներին

ԱրՊՀ ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոսները բաց նամակով դիմել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի կապակցությամբ:

Բաց նամակը տարածվել է Ֆեյսբուք սոցիալական կայքում՝ ամբիոնի դասախոս Շողեր Մինասյանի էջից:
 
«Յուրաքանչյուր արժանապատիվ ժողովրդի ինքնության հավիտենությունը պայմանավորված է սեփական լեզվի պաշտամունքով: Ամեն ազգի բարոյական նկարագիրը չափվում է մայրենի լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքով:Ազգի յուրաքանչյուր  զավակ պարտավոր է իրեն համարել մայրենի լեզվի տերը և պաշտպանել նրա իրավունքները: Եթե նկատի առնենք պատմական այս ծանր իրողությունը, ապա պիտի ընդունենք, որ հայերենն է, որ պիտի պահի մեր հայի տեսակը, որպեսզի կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:
 
Հայոց լեզուն հավասարեցնել այլ լեզվի նշանակում է կորցնել ազգային կերպարն ու պետականությունը:Լեզվի դեմ ոտնձգությունը ոտնձգություն է մեր ինքնության դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ:Դարի մարտահրավերների առջև կանգնած այսօրվա սերունդը պետք է լինի ազգային ավանդույթներին հավատարիմ, իսկ մենք գիտենք, որ լեզվամտածողությունն է ձևավորում ազգային բնավորություն: Այսօր տեսնում ենք և վաղն էլ կփաստենք հայի մի ստվար զանգվածի, որ հայախոս չէ. լեզուն պահպանելու խնդիր կունենանք( հիշենք խորհրդային տարիները):      
                                    
Ազգային  ժողովի´ պատգամավորներ, մեր դիրքորոշումը լեզվական քաղաքականության հարցում բնավ չի նշանակում Արցախում օտար լեզուների հանդեպ որևէ խտրականության դրսևորում:Մենք լիովին հասկանում ենք  մեր ներկայիս անվտանգության համակարգի առանձնահատկություններով պայմանավորված քաղաքական այն յուրահատուկ վիճակը, որում հայտնվել ենք անցյալ տարվա աղետալի պատերազմի   հետևանքով: Եվ մեր առաջարկը բխում է նաև այն ընկալումից, որ գալիք արհավիրքներից պաշտպանվելու գլխավոր զենքերից մեկը սեփական լեզվի գերակայությունն է:   
    
ԱրՊՀ ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոսներս և աշխատակիցներս դիմում ենք հետևյալ պահանջով` Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ վերապահել միայն պետական  լեզվին,  այսինքն`հայոց լեզվին: Հայոց լեզվի գերակայությունը բոլորիս պարտքն է, արցախահայության գոյապահպանության հիմնաքարը: Կարելի է ձևակերպել, որ ռուսերենը ԱՀ տարածքում ազգամիջյան հաղորդակցության լեզու է: Առաջարկում ենք ռուսերենը ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում»,-ասված է նամակում:

  • Կիսվել: