Արցախում օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները ստեղծված իրավիճակի հետ կապված հանդիպումների շարք սկսել համայնքների բնակչության հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները մեկնարկել են այցելություններ Հանրապետության շրջանների համայնքներ և հանդիպումներ տեղի բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակը ներկայացնելու, խնդիրները վերհանելու քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանելու և հետագա անելիքները քննարկելու նպատակով:
«Արցապրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ հունվարի 4-ին, Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետույան պետական նախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների բնակիչների հետ: Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների առաջին կանգառը Պողոսագոմեր համայնքում էր, որտեղ բնակիչներին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով առաջացած խնդիրները դրանց լուծման ուղիներն ու անելիքները:
Պողոսագոմերցիները բարձրաձայնել են անվտանգությանը, հիվանդներին տեղափոխելու համար համայնքին վառելանյութ տրամադրելուն և շրջափակման հետ կապված բանակցություններին վերաբերող հարցեր:

ԱԺ պատգամավորներ Արթուր Հարությունյանը և Դավիթ Մելքումյանը՝ հաջողության հասնելու համար կարևորելով առկա մարտահրավերներին միասնաբար ու համերաշխ մթնոլորրտում դիմակայելը հավաստիացրել են, որ Հանրապետությունում առկա են առաջին անհրաժեշտության պարենամթերքի պաշարներ, որոնք կբավականացնեն երկարաժամկետ կտրվածքով:
Անդրադառնալով անվտանգության ապահովման հարցին՝ Արթուր Հարությունյանը տեղեկացել է, որ այդ նպատակով ընդգրկուն ծրագիր է մշակվում, ինչը կծառայի տեղերում պաշտպանության արդյունավետ կազմակերպմանը:
Պատգամավոր Դավիթ Մելքումյանն էլ անդրադարձել է, շրջափակմանը այս օրերին ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին, որոնց նպատակը Արցախում խուճապ սերմանելն է:
Նրա խոսքով՝ նման այցերի և հանդիպումների նպատակը նաև ճիշտ ինֆորմացիան բնակչությանը հասցնելն է: Պատգամավորները հորդորել են տուրք չտալ հակառուսական տեղեկատվական քարոզչությանը:
«Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահների, այս պահին լայնածավալ պատերազմի հավանականությունը նվազեցնող միակ գործոնն է»,-շեշտել է Արթուր Հարությունյանը:
Պետնախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանն էլ անդրադարձել է պարնեային ապրանքների և վառելանյութի առկա պաշարներին վերաբերող հարցերին:
«Տարիների առաջ պետական որոշակի պահուստ ձևավորվել էր, բայց երկար պահպանման մթերքի՝ մասնավորապես ալյուր, պահածոներ, ցորեն, մոտ 9-ը անուն ապրանք: Դրանք առկա են և սոված ամեն դեպքում չենք մնալու: Սահմանափակ է բենզինի ու դիզվառելիքի ծավալը: Երբ ստեղծվեց օպերատիվ շտաբը առաջին հերթին գույքագրվեցին դրանց առկա ծավալները և վերահսկողություն սահմանվեց, ըստ որի այն ուղղվում է հատուկ ծառայությունների աշխատանի կազմկերպմանը՝ շտապօգնություն, փրկարար ծառայություն և այլն»,-մանրամասնել է Գ. Մարտիրոսյանը՝ ընդգծելով առկա պաշարների խնայողական օգտագործման անհրաժեշտությունը:
Այնուհետև հանդիպումները շարունակվել են Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքներում, որտեղ նույնպես բարձրաձայնվել են գրեթե նույն խնդիրները:

Դրմբոնի բնակիչ Ջիվանշիր Հակոբյանը, մեզ հետ զրույցում անհրաժեշտություն է համարել հավանդներին տեղափոխելու համար համայնքին որոշակի ծավալով վառելանյութի տրամադրումը:

Ինչպես բնակիչները, այնպես էլ նրանց հանդիպելու եկած օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պահանջված ու անհրաժեշտ են համարել նման հանդիպումները:

«Մենք տարեվերջին որոշել էինք իրականացնել այս այցելությունները և մեր համայնքներում ներկայացնել ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները, լսենք նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով, ինչպես նաև ընթացքում բավականին հարցեր են կուտակվել, որոնց անհրաժեշտ է պատասխանել և կարծում եմ շատ հաջողված հանդիպումներ են: Հետադարձ կապի միջոցով մենք բնակչությունից ստանում ենք նաև այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում»,- մեզ հետ զրույցում ասել է Ա. Հարությունյանը՝ կարևորելով նման հանդիպումները և դրանց շարունակականությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ տարբեր խմբերի կողմից նման այցելություններ ու հանդիպումներ են նախատեսված Հանրապետության բոլոր համայնքներում:
