չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում օր օրի խորանում է հումանիտար ճգնաժամը. Ավանեսյանը քայլեր է ակնկալում ԱՀԿ–ից

Արցախում օր օրի խորանում է հումանիտար ճգնաժամը. Ավանեսյանը քայլեր է ակնկալում ԱՀԿ–ից

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, հումանիտար ճգնաժամը դեռ պահպանվում է ու օր օրի ավելի խորանում, որովհետև թե՛ դեղորայքի, թե՛ սննդի, թե՛ մանկական կերերի և այլ անհրաժեշտ պարագաների պաշարներն ամեն օր սպառվում են»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով` թեև Հայաստանից որոշակի քանակով բեռներ հաջողվել է Կարմիր խաչի միջոցով տեղափոխել Արցախ, բայց դա չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվում է։

Ավանեսյանը նշեց, որ Արցախում կան նաև հրատապ օգնության կարիք ունեցող հիվանդներ։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր արցախյան գործընկերների հետ։ Երևանի մեր բժիշկներն Արցախի իրենց գործընկերների հետ անմիջականորեն աշխատում են պացիենտների բուժական օգնությունը տեղում առկա միջոցներով, սարքավորումներով ապահովելու համար։ Այսինքն` գտնվում են կապի մեջ, խորհրդատվություն են տալիս։ Այս իրավիճակում արվում է հնարավորը։

Բայց մենք օր առաջ պասում ենք այս իրավիճակի հանգուցալուծմանը, քանի որ կարծում ենք` ուղղակի անլսելի է, որ 21-րդ դարում 120 000 մարդ գտնվի շրջափակման մեջ»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ քննարկվում է առավել հրատապ միջամտության կարիք ունեցող հիվանդներին ՀՀ տեղափոխելու, նրանց անհրաժեշտ բուժօգնությունը հնարավորինս հասանելի դարձնելու հարցը։

Ավանեսյանը կապի մեջ է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և պարբերաբար թարմ տեղեկություններ է փոխանցում Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

«Ակնկալում ենք ԱՀԿ–ի մանդատի շրջանակում որոշակի քայլեր, ճնշումներ, նաև հարցը միջազգային բոլոր ատյաններում բարձրացնելու ուղղությամբ։ Ստացել ենք որոշակի պատասխաններ, աշխատանքներ տարվում են, այդ թվում` հարցը սրելու, այլ ատյաններին տեղյակ պահելու ուղղությամբ, որ հնարավոր չէ այլևս` այս իրավիճակը որոշ ժամանակ էլ պահպանվի։ Մարդկանց բժշկական օգնությունը պետք է կազմակերպվի, ու ճանապարհը պետք է բացվի։ Սա նաև մարդկանց կյանքին սպառնացող իրավիճակ է, ու եթե այսպես շարունակվի, մարդկանց կյանքին ու առողջությանը լուրջ վնաս կհասցվի»,– ասաց Ավանեսյանը։

Դեկտեմբերի 14–ին Ավանեսյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

 

  • Կիսվել: