հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում նախատեսվում է ասֆալտապատել մի շարք համայնքներ տանող ճանապարհները

Արցախում նախատեսվում է ասֆալտապատել մի շարք համայնքներ տանող ճանապարհները

2021թ. ավարտվել են մայրուղուց մի շարք համայնքներ, այդ թվում` Խնձրիստան, Հիլիս, Բերդաշենից Աշան, Առաջաձոր, Հարությունագոմեր, Քերթ, Կարմիր Շուկա, Թաղավարդ, Հաթերք, Զարդախաչ, Մաղավուզ, Ստեփանակերտ, Խնածախ, Այգեստան տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են Պողոսագոմեր, Մեծ Շեն, Աղաբեկալանջ, Մոխրաթաղ համայնքներ տանող ճանապարհների կառուցման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «2022թ. պետական ծրագրով նախատեսված են մի շարք համայնքներ տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Ճանապարհաշինության ծրագրով` մեծածավալ աշխատանքներ են իրականացվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Մասնավորապես` սկսված է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղու 27 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցման գործընթացը. այն շահագործման կհանձնվի ընթացիկ տարում:

Աշխատանքներ են իրականացվում մայրուղուց Դահրավ, մայրուղուց Աստղաշեն-Պատարա ավտոճանապարհների կառուցման համար, որոնք նույնպես շահագործման կհանձնվեն ընթացիկ տարում: Հիմնադրամի միջոցներով ասֆալտապատվել են մայրուղուց Կաղարծի-Պառավաթումբ, Վերին Հոռաթաղ և Կոճողոտ տանող ավտոճանապարհները:

Պետական բյուջեի միջոցներով, փողոցների բարեկարգման ծրագրով, աշխատանքներ են սկսվել Ստեփանակերտ քաղաքի մի շարք բնակելի շենքերի և Մարտունի քաղաքի մի շարք փողոցների բարեկարգման և ասֆալտապատման ուղղությամբ», - նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: