հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն

Արցախում նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն

Արցախի հանրապետությունում նախատեսված է կառուցել մոտ 6000 նոր բնակարան և բնակելի տուն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողով»-ի  ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ հետպատերազմյան շրջանում իրենց կառույցը շարունակում է գործել բնականոն հունով:
 
Ըստ Կ. Շահրամանյանի՝ ելնելով իրավիճակից` նախատեսված տարվա ծրագրերից բացի, ԱՀ կառավարության կողմից տրվել են նոր հանձնարարականներ, որոնց կատարումն արդեն ընթացքի մեջ է:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Առաջնահերթ խնդիրներից համարվող անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը գլխավորում եմ ինքս: Այդ ուղղությամբ մշակման փուլում են նաև նախագծեր նոր բնակավայրերի հիմնման համար: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք 25 նոր բնակավայրերի նախագծեր, որտեղ բնակարանների թիվը կկազմի մոտ 2600: Տարբեր համայնքներում նոր գյուղեր են վերաբնակեցվելու: Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր կոմունիկացիաներով, որի մեջ մտնելու են ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում, լուսավորություն, փողոցների և մայթերի կառուցում: Այս աշխատանքների մեկնարկը տրվել է մոտ 3 ամիս առաջ: Կան համայնքներ, որտեղ ավարտված են այդ աշխատանքները և հանձնված են փորձաքննության: Մինչև հուլիսի վերջ նախատեսում ենք նախագծային բոլոր աշխատանքներն ավարտին հասցնել, որին զուգահեռ` այդ թաղամասերում կսկսվեն շինաշխատանքներ: Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Կան բնակավայրեր, որտեղ գործընթացը սկսված է, ինչպես, օրինակ, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս գյուղերի համար, Կարմիր շուկայում: Մոտ ժամանակներս շինաշխատանքներ կսկսվեն Աստղաշեն համայնքում նաև Խաչմաչում, Հովսեփավանում, Իվանյանում: Երեք ամսից հանրապետությունում դրանք լայն թափ կստանան»,- մասնավորապես տեղեկացրել է Կ. Շահրամանյանը։

  • Կիսվել: