ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում մեկնարկել են «Sputnik V»-ի պատվաստումները. գործընթացը ներկայացնում են մասնագետները

Արցախում մեկնարկել են «Sputnik V»-ի պատվաստումները. գործընթացը ներկայացնում են մասնագետները

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ընթանում է նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելող ռուսական «Sputnik V»-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացը։

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահների միջոցով ձեռք են բերել 7500 դեղաչափ պատվաստանյութ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ իմունականխարգելման աշխատանքները մեծ դեր են խաղում բնակչության առողջության պահպանման գործումԲնութագրությունը հասանալի չէ

«Պատվաստումների արդյունքում ունենք կորոնավիրուսի հետևանքով մահացությունների դեպքերի, ինչպես նաև հիվանդությամբ վարակվածության նվազում: Առաջին փուլում ընդգրկված են 65 տարին լրացած, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդները, տարեց անձինք, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատակիցներ: Ցանկացողները նախապես պետք է գրանցվեն Ստեփանակերտի պոլիկլինիկական բաժանմունքում, մանկական հիվանդանոցում»,- մասնավորապես ասել է Օ. Հարությունյանը:

Նա նշել է, որ, ելնելով իրավիճակից, հետագայում պատվաստումը կարող է պարտադիր դառնալ:

Օ. Հարությունյանը տեղեկացրել է, որ ներկա պահին ստացիոնար բուժում է ստանում 21 հիվանդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով հանրապետությունում գրացվել է 30 մահվան դեպք:

Բնութագրությունը հասանալի չէ

Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի տեղեկացմամբ՝ այսօր արդեն 10 քաղաքացի պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով, իսկ երեկ՝ 8:

«Պատվաստումից հետո քաղաքացիները 30 րոպե մնում են հիվանդանոցում, այդ ընթացքում մենք հետևում ենք, որպեսզի նրանց մոտ ի հայտ չգան ալերգիկ ռեակցիա, ջերմություն, ճնշման տատանումներ, որից հետո կարող են հանգիստ տուն գնալ: Որևէ բողոք կամ խնդիր մինչ այժմ չի եղել:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Այն անձինք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով պատվաստում կարող են ստանալ միայն 3 ամիս անց: Ի դեպ, պատվաստում կատարելու համար նախապես 3 օր քաղաքացին չպետք է ալկոհոլ օգտագործի: Պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով, առաջինը ստանալուց հետո երկրորդը ստանում է 21 օր անց: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Sputnik V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալներ»,- մանրամասնել է Մ. Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի խոսքով՝ Արցախի բնակչության գրեթե 80 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով, և այս պատվաստումն այն միջոցն է, որով կկանխարգելվի այդ հիվանդության տարածումը:

«Պատվաստումից 42 օր անց քաղաքացին նոր իմունիտետ է ձեռք բերում, որը մեկ տարի շարունակ չի թողնում վարակվել այդ հիվանդությամբ:

Խորհուրդ եմ տալիս բոլորին, որպեսզի պատվաստվեն և չվարակվեն «COVID-19»-ով»,- ավելացրել է Զ. Մաղաքելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

63֊ամյա Ելիզավետա Գերոյանը, ով այսօր պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով, մեզ հետ զրույցում ասել է, որ նա վարակվել էր կորոնավիրուսով:

Քաղաքացին խորը ուսումնասիրություն է կատարել պատվաստանյութերի վերաբերյալ և որոշել է պատվաստվել «Sputnik V» պատվաստանյութով՝ խուսափելով հիվանդության կրկնումից:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատվաստումների ընթացքին հետևել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

  • Կիսվել: