երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

Արցախում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, որն անկորուստ իրականացնելու նպատակով ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում՝ հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով ցանքատարածությունների մոտ, ծավալվել են հրշեջ հենակետեր, և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:

Հենակետերում ուժեղացված ծառայությանը և հացահատիկայինների ցանքատարածքներում բերքահավաքի ընթացքին երեկ հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ: Ծառայության ղեկավարը Մարտունու շրջանային ԱԻ բաժնի պետ Վահրամ Սաղյանի հետ գույքագրել է առկա տեխնիկական խնդիրները, տվել մի շարք հանձնարարականներ:

Մարտունու շրջանում այս տարի 2 հենակետ է տեղադրվել:

Սպիտակաշեն և Բերդաշեն համայնքների վարչական տարածքներում արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ծառայողները մշտադիտարկում են իրականացնում հարակից ցանքատարածքներում: Սպիտակաշենի հրշեջ հենակետի անձնակազմն արդեն 3 ելք է կատարել: Հրդեհ է բռնկվել ցորենի դաշտերում: Բարեբախտաբար, կրակը մարվել է ժամանակին: Շատ կորուստներ չեն կրել:

Մեխակ Արզումանյանը հետաքրքրվել է անձնակազմի առօրյա ծառայության ընթացքով, արտակարգ պատահարների և հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով և ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ տվել հստակ առաջադրանքներ:

  • Կիսվել: