երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում մեկնարկել է առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը. հստակեցվել են շահառու խմբերը

Արցախում մեկնարկել է առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը. հստակեցվել են շահառու խմբերը

Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրումն այս տարվա համար արդեն մեկնարկել է:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հստակեցվել են այն խմբերը, որոնք կարող են օգտվել առողջարանային բուժման ուղեգրերից:

«Առողջարանային և հանգստյան տան ուղեգրերի բաշխման ծրագիրը միտված է որոշ սոցիալական խմբերի հնարավորություն ընձեռնելու, որպեսզի կարողանան վերականգնել իրենց առողջությունը, ըստ հնարավորության՝ կազմակերպելու իրենց հանգիստը այս կամ այն առողջարանում, կամ հանգստավայրում»,-մեզ հետ զրույցում նշել է ԱՀ աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքների կարիքների գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ՝ Սամվել Իսրայելյանը:

Արցախյան 3-րդ պատերազմից հետո այս ծրագրում որոշ փոփոխություններ են կատարվել. կարգի համաձայն՝ առողջարանային ուղեգրերի տրամադրումը կատարվում է ըստ առաջնահերթության, և ըստ այդ կարգի՝ ուղեգրերը կտրամադրվեն վերջին պատերազմի հաշմանդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Թե որտեղ և որքան ժամանակով կուղեգրվի քաղաքացին, ևս որոշվում է առողջարանային ուղեգրերի տրամադրման կարգի համաձայն:

«Ունենք 12-օրյա ուղեգրեր դեպի Ջերմուկի, Արզնիի առողջարաններ,Երևան քաղաքում գտնվող Կարմիր խաչի միջազգային կենտրոնում ձեռք բերված համապատասխան ուղեգրեր, ինչպես նաև Սևանի առողջարանային և հանգստյան տան ուղեգրեր: Բոլոր խմբերի հաշմանդամները կարող են օգտվել այդ արտոնությունից: Իսկ տարհանված քաղաքացիները, ովքեր ևս իրավունք ունեն օգտվելու այդ արտոնություններից, կարող են դիմել իրենց բնակավայրը սպասարկող տարածքային մարմին և նույն կարգով ձեռք բերել իրենց համար անհրաժեշտ ուղեգրեր»,- հավելել է Ս. Իսրայելյանը:

  • Կիսվել: