չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 13 հա տարածք

Արցախում մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 13 հա տարածք

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 13 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 18 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդվում է նաև, որ խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երկու մարդասիրական գործողությունների անվտանգությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի հետ:

 

  • Կիսվել: