չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախում կրթական ոլորտի մի խումբ նվիրյալներ պետական պարգևների ու պատվավոր կոչումների են արժանացել

Արցախում կրթական ոլորտի մի խումբ նվիրյալներ պետական պարգևների ու պատվավոր կոչումների են արժանացել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար պետական պարգևների և կոչումների արժանացած մի խումբ նվիրյալների պարգևների հանձնման արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պարգևները հանձնել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նրանց ներդրումը, մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք Արցախի խաղաղ երկնքի ներքո:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ կենսաբանական գիտությությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանն արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» կոչման:

Մեզ հետ զրույցում նա ասել է,որ իր կյանքի 25 տարիները նվիրել է ոլորտին:

«Շնորհակալ եմ իմ տարիների վաստակը բարձր գնահատելու համար, որը ոչ միայն իմ,այլև ամբողջ գիտական խմբի, բնապահպանության ոլորտի աշխատողների վաստակն է: Նման գնահատանքը նաև պարտավորեցնող է՝ այսուհետ ևս ջանք չխնայելու բնապահպանության,կենսաբանության, կենդանաբանության ոլորտներում ավելի լավ դպրոց հիմնելու համար »,-նշել է Վ.Հայրապետյանը:

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Խաչատուր Սարգսյանը, ով արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչմանը, նշում է,որ դասի ընթացքում կիրառում է իր սեփական մեթոդները, որպեսզի աշակերտների մեջ սեր առաջանա դեպի առարկան:

«Շուրջ տասը տարի է աշխատում եմ որպես «Աշխարհագրություն» առարկայի ուսուցիչ: Այդ ընթացքում իմ շատ աշակերտներ մասնակցություն են ունեցել օլիմպիադաների, արժանանալով տարբեր մրցանակների: Շնորհակալ եմ,որ գնահատել են այս տարիների ընթացքում իմ կատարած աշխատանքը: Պարտավորեցնող է»,-հավելել է Խ.Սարգսյանը:

  • Կիսվել: