հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թվի աճ է նկատվում. թերապևտ

Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թվի աճ է նկատվում. թերապևտ

Ամենօրյա հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն Արցախում գնալով ավելանում է։

Վարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Լիլիթ Բախշիյանի հետ:

«Այսօրվա դրությամբ ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 76 հիվանդ, 18 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ընդ որում՝ 5-ի վիճակը գնահատվում է ծանր: Հոկտեմբերի 8-ից մինչ այսօր կատարվել է 68 պատվաստում, իսկ միայն այսօր՝ 16։ Պետք է նկատենք, որ քաղաքացիների շրջանում պատվաստման համար դիմելիությունն աճել է»,- ասել է Լ. Բախշիյանը:

Բժիշկ-թերապևտի խոսքով՝ պատվաստված անձինք, վարակվելու դեպքում, ավելի թեթև կտանեն հիվանդությունը, քան չպատվաստվածները:

«Պատվաստվելու դեպքում՝ մենք կխուսափենք ծանր հիվանդության և մահվան դեպքերից: Հասարակության մի մասը չի ուզում պատվաստվել, քանի որ քիչ է իրազեկված կամ տեղեկացված պատվաստման մասին: Իսկ եթե քաղաքացին դիմում է, որպեսզի պատվաստվի, մենք նրան ամեն ինչ հանգամանորեն բացատրում ենք։ Քովիդով վարակվածության դեպքերի հետ մեկտեղ՝ տարածվել են նաև վերին շնչուղիների վարակները, ինչն իր հերթին սրում է իրավիճակը»,- նշել է բժիշկը՝ ևս մեկ անգամ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ փակ տարածություններում կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը, հաճախակի օդափոխել սենյակները, լվանալ ձեռքերը, շփել ախտահանիչ նյութերով։

  • Կիսվել: