ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կմեկնարկի «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Արցախում կմեկնարկի «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է Արցախում սկսնակ և գործող բիզնեսների համար։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Կին ձեռներեցներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:

Ծրագիրը նպաստում է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ օգնելով կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում:
 
Մասնակիցները ստանում են նաև իրենց բիզնես ոլորտի վերաբերյալ անհատական խորհրդատվություն։
 
Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակվող կանայք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, 18 և բարձր տարիքի են, ունեն սկսնակ (մինչև 1 տարի) կամ գործող (առնվազն 1 տարի) սեփական բիզնես, գրանցված բիզնեսի դեպքում փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր, պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին և կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
 
Դասընթացները տեղի կունենան Ստեփանակերտում, շաբաթական 2 անգամ, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)։ Բոլոր շրջաններից դեպի Ստեփանակերտ ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։ Դիմումերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
 
Սկսնակ բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ , իսկ գործող բիզնեսների համար՝ այստեղ  ։ Լրացուցիչ տեղեկատվության համար հետաքրքրվածները կարող եք այցելել «ՀԲԸՄ Հայաստան» պաշտոնական կայք, հարցերի դեպքում գրել [email protected] էլ․ փոստին կամ զանգահարել 060 722 235, 060 722 237 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: