երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօր շարունակվել են բնապահպան ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև բանակցությունները

Այսօր շարունակվել են բնապահպան ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև բանակցությունները

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները, որոնք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այսօր շարունակել են բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարության հետ Իվանյան համայնքում:

Ադրբեջանական խմբից ռուս խաղաղապահների հետ շտաբ է ուղևորվել 5 հոգի, մնացածին, ինչպես նաև նրանց ուղեկցող ադրբեջանցի լրագրողներին, չի թույլատրվել մուտք գործել  խաղաղապահների պատասխանատվության գոտի: 

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը, արձագանքելով  ադրբեջանցի լրագրողների դժգոհությանը, հայտարարել է, որ կարդում է ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների և իր հասցեին բացասական հրապարակումներն ու ադրբեջանական ԶԼՄ-ների գործողությունները որակել է «վարկաբեկիչ»: Ադրբեջանցի լրագրողները առցանց հեռարձակումը շարունակել են տեղից և մի շարք սադրիչ հայտարարություններ են հնչեցրել ռուս խաղաղապահ առաքելության հասցեին:

Ադրբեջանի պատվիրակությունում ընդգրկված են եղել էկոնոմիկայի, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև AzerGold փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ։

Քննարկվել են ոսկու, պղնձի ու մոլիբդենի հանքերում մոնիթորինգ անցկացնելու, գույքագրելու, կադաստրային գրանցում կազմակերպելու, շրջակա միջավայրին պոտենցիալ վնասներ պատճառելու ռիսկերը գնահատելու հարցերը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է «կառուցողական ոգով»։ Հանքավայրերի շահագործման հետ կապված հարցերով շփումները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այդ քայլի պատճառաբանությունը եղել է «բնապահպանական»: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ բանակցությունից հետո ադրբեջանցիները բացել են ճանապարհը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ:

  • Կիսվել: