ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կա 12 մեկուսացված քաղաքացի․ կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա

Արցախում կա 12 մեկուսացված քաղաքացի․ կստեղծվի բազմապրոֆիլ լաբորատորիա

Արցախում Նոր տիպի կորոնովիրուսի 8 հաստատված դեպք ունենք, 5-ը՝ առողջացման ելքով:

Այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում ներկայումս կան 12 մեկուսացված քաղաքացիներ. ժամկետը լրանալու է ապրիլի 30-ին, որից հետո բոլորը կանցնեն թեստավորում:

«Հանրապետությունում կստեղծենք բազմապրոֆիլ լաբորատորիա, ինչի արդյունքում կունենանք նաև Նոր կորոնավիրուսի թեստավորման հնարավորություն: Մարտ ամսին համապատասխան մասնագետները վերապատրաստման նպատակով մեկ շաբաթով այցելել են ՀՀ, ինչպես նաև մասնակցել են եռօրյա օն-լայն դասընթացների: Ի դեպ, նրանք նաև անցած տարի են վերապատրաստում անցել: Լաբորատորիան ստեղծելուց հետո տեղում կրկին կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ: Շրջանային բուժմիավորումներում կունենանք չորս շարժական թվային ռենտգեն սարքավորումներ, որոնք խիստ անհրաժեշտ են հիվանդանոցներում աշխատանքներն ավելի արդյունավետ անցկացնելու համար՝ մանավանդ այս շրջանում»,- տեղեկացրել է նախարարը:

Նա նշել է, որ առողջապահության ոլորտում աշխատանքները կազմակերպում են խիստ ռեժիմով: Հիվանդատեսություններն արգելված են, հետաձգվել են պլանային վիրահատությունները, իսկ հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի միջամտության կարիք ունեցող հիվանդներին:

«Հանրապետության բոլոր բուժհիմնարկներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում. բուժմիավորումների ներսում՝ ամենօրյա, իսկ հարակից տարածքներում երկու օրը մեկ: Ստեփանակերտի 10 բուժհիմնարկների հարակից տարածքներն ախտահանվում են ԱՀ կամավորական կազմակերպությունների կողմից, իսկ շրջանային բուժմիավորումների տարածքները՝ հակահամաճարակային բուժմիավորումների ստորաբաժանումների կողմից: Բոլոր բուժհիմնարկներն ապահովված են այն դեղամիջոցներով և ախտահանիչ միջոցներով, որոնք անհրաժետ են համաճարակը կանխելու համար»,-մանրամասնել է նախարարը:

Խոսելով հանրապետությունում առկա պաշտպանիչ միջոցների քանակի մասին՝ Ա. Բաղրյանը նշել է, որ, բացի բուժհիմնարկներից, որոնք ապահովված են մեկամսյա ախտահանիչ նյութերով, պահեստավորված են նաև 240 հազար դիմակներ, 220 հազար ձեռնոցներ, ինչպես նաև տարածքների համար մոտ 200 տ ախտահանիչ նյութեր և այլն:

Նիստի ժամանակ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հարց է ուղղել ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին, թե համաճարակը կանխելու նպատակով ինչքանով է ՊԲ համակարգն ապահովված անհրաժեշտ միջոցներով. ի պատասխան՝ Ջ. Հարությունյանը նշել է, որ այդ համատեքստում որևէ միջոցի կսրիք չունեն:

 
 
 

 

 

 

  • Կիսվել: