չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պատերազմից հետո Արցախում գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում. պետնախարար

Պատերազմից հետո Արցախում գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում. պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների:

«Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ Նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը»,- նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ և բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:

Մանրակրկիտ քննարկման արդյունքում մի շարք բարելավումներ են կատարվել նախագծում, որոնք կամփոփվեն լիազոր մարմնում և կներկայացվեն կառավարության հաստատմանը:

  • Կիսվել: