երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ

Արցախի Հանրապետությունում նույնպես բնակչության շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ՝ հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես SARS-CoV-2 վիրուսի «Օմիկրոն» B. 1.1.529 տիպի շտամ:
 
Ընդհանուր առմամբ, «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
 
«Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է՝ 
 
փակ տարածքներում դիմակ կրելը.
 
սոցիալական հեռավորությունը պահպանելը՝ 1-1.5 մետր.
 
ձեռքերը օճառով և ջրով հաճախակի լվանալը, մաքրելը ախտահանիչներով.
 
մասսայական միջոցառումներից խուսափելը:
 
Հիմնական ախտանշաններն են՝
 
ջերմության բարձրացում.
 
կոկորդի ցավ.
 
քթից արտահոսք.
 
չոր հազ.
 
գոտկատեղի ցավ:
 
Կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ «Օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմանափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորբոքման դեպքեր։
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» շտամին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով:
 
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:

  • Կիսվել: