հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում բազմաթիվ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։
Մեզ հետ զրույցում «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդգես Ուլուբաբյանը ընդգծել է, որ երկրաշարժի լուրն առնելուն պես ամբողջ հայությունը համախմբվել էր՝ օգնության հասնելու աղետից տուժածներին։
 
«Երկրաշարժի հաջորդ օրը մենք նույնպես Ստեփանակերտից ինչքան հնարավոր է արագորեն հասել էինք օգնության և արդեն դեկտեմբերի 9-ին Լենինականում էինք»,-պատմել է Վ. Ուլուբաբյանը։
 
Արցախի Հանրապետության ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից տուժածներին Ստեփանակերտից օգնության հասած կամավորական ջոկատի հիման վրա հետագայում կազմավորվեց Արցախի փրկարար ծառայությունը:
 
«Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի դասերը առայսօր հիմք են ծառայում փրկարարներին ինքնակազմակերպվելու, ինքնօգնության, փոխօգնության կազմակերպման համար: Ներքին գործերի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, քաղպաշտպանության պլանի համաձայն ամեն տարի անց են կացնում ուսումնական վարժություններ և պարապմունքներ, որոնք միտված են ցանկացած տարերային աղետի ժամանակ քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու հմտությունների ամրապնդմանը»,-նշել է Հ. Թադևոսյանը։

  • Կիսվել: