հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում հանվում է ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը

Արցախում հանվում է ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը

Նոյեմբերի 24-ին Արցախի ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը  նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է ներկայացվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Առկա խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացները ներդաշնակեցնելու նպատակով  նախագծով առաջարկվում է՝ հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, իսկ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում «10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ» բառերը հանելու  առաջարկություն էր ներկայացրել, որը չի ընդունվել լիազոր մարմնի կողմից։

Նախագծի հեղինակը հիմնավորումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։ Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Աժ նախագահ Ա․ Թովմասյանը, պատգամավորներ  Դ․ Մելքումյանը, Դ․ Գալստյանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Մոսիյանը։

Քվեարկության արդյունքներով նախագծերի փաթեթը բացասական եզրակացությամբ ներկայացվել է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։

  • Կիսվել: