ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում համավարակի տարածումը կանխելու համար սահմանվում է կարանտին

Արցախում համավարակի տարածումը կանխելու համար սահմանվում է կարանտին

Ինչպես հաղորդվել է, նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ 

Համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։ 

Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Վիտալի Բալասանյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարը, պաշտոնատար այլ անձինք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: