կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախում գազի բալոններից առաջացած հրդեհի դեպքեր են գրանցվել․ քաղաքացիներին հորդորվում է պահպանել անվտանգության կանոնները

Արցախում գազի բալոններից առաջացած հրդեհի դեպքեր են գրանցվել․ քաղաքացիներին հորդորվում է պահպանել անվտանգության կանոնները

Դեկտեմբերի 14-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը: Բարեբախտաբար, 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն արձանագրվել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ու նշում, որ Արցախի Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են:

ԱՀ ԱԻՊԾ-ն հիշեցնում է, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ: Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Անհրաժեշտության դեպքում զանգարհարել 911,101,112 /047/ 94 09 11 հեռախոսահամարներով։

  • Կիսվել: