ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում գարնանացան սերմացուների ծրագրից կարող են օգտվել հողագործությամբ զբաղվելու ցանկություն հայտնող բոլոր անձինք. նախարար

Արցախում գարնանացան սերմացուների ծրագրից կարող են օգտվել հողագործությամբ զբաղվելու ցանկություն հայտնող բոլոր անձինք. նախարար

Գարնանացանի աշխատանքների համար, ըստ հողօգտագործողների կողմից դիզվառելիքի ձեռքբերման համար ներկայացրած հայտերի, վառելիքի  տրամադրումն իրականացվում է  հեկտարի և գործողությունների համար սահմանված  ծավալով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը: 

«Շրջափակման հետևանքով գյուղատնտեսական բոլոր աշխատանքները դադարեցվել  էին, և միայն վերջերս են մեկնարկել: Այս ընթացքում փորձել ենք դիզվառելիք տնտեսել, պահուստային ֆոնդից այս պահին հողօգտագործողներին դիզվառելիք ենք տրամադրում, որպեսզի կարողանան իրականացնել գարնանացանը: Փետրվարի 1-ից մեկնարկել է դրանց տրամադրումը և բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են: Այս ընթացքում դիզվառելիք և բենզին է տրամադրվել նաև այն ջերմոցներին, որոնք ջեռուցվում են  և ունեին գեներատորներ»,-մանրամասնել է գերատեսչության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ  կարվի հնարավորը, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներն իրականացվեն:

Գյուղատնտեսության նախարարի հավաստմամբ՝ բոլոր այն աշխատանքները, որոնք ունեն սեզոնային բնույթ, ըստ ժամանակացույցի պահպանվում են, և դիզվառելիքի սղության պատճառով մասնավորապես հողագործության հետ կապված ոչ մի աշխատանք չի տուժել: 

Անդրադառնալով բանջարաբոստանային և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրին, Հրանտ Սաֆարյանը, նշել է, որ շահառու կարող են հանդիսանալ բոլոր նրանք, ովքեր հողագործությամբ զբաղվելու ցանկություն են հայտնում:

«Նախկինում ծրագրից օգտվելու համար պարտադիր պահանջ էր 0,5 հեկտար հողատարածքի առկայությունը, ներկայում այդ թիվը նվազեցվել է՝  կազմելով  0,1 հեկտար: Ուստի սկսած  1000 քառակուսի մետր տարածքից, հողօգտագործողները կարող են օգտվել ծրագրերից: Խոսքը վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերին:  Գարնանացանի մյուս մշակաբույսերի դեպքում, ծրագրով  ավելի մեծ հողատարածքներ են պահանջվում: Օրինակ  նպատակահարմար չէ 1000 կամ 2000 քառակուսի մետր հողատարածքում  ասենք հնդկացորեն ցանել»,- հայտնել է գյուղնախարարը՝ հավելելով, որ այն հողօգտագործողները, ովքեր չեն հասցրել աշնանացանն իրականացնել ամբողջ հողատարածքում, ապա մնացած մասը կարող են ներառել գարնանացանի ցանքսի տակ՝ օգտվելով գործող ծրագրերից:

  • Կիսվել: