ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռեւս անհասանելի են

Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռեւս անհասանելի են

Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռեւս անհասանելի են։

Ինչպես տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Ընկերությունից այլ մեկնաբանություններ ստանալ առայժմ չի հաջողվել։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական կողմը այսպես կոչված «բնապահպանների» ակցիայի իրականացման վայրում կտրել են Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս նորոգել նաեւ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որն Արցախը սնում է Հայաստանից, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է ադրբեջանական կողմի միտումնավորությունը կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքների աշխատանքը կաթվածահար անելու գործում՝ պետություններին եւ միջազգային կառույցներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային կոչ անելով վերջ դնել ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների խումբն իբր բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաեւ քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։

  • Կիսվել: