երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում ենթակառուցվածքները գրեթե անխափան են գործում․ ընթացքում է կապի խնդրի լուծումը

Արցախում ենթակառուցվածքները գրեթե անխափան են գործում․ ընթացքում է կապի խնդրի լուծումը

Արցախի Հանրապետությունում ենթակառուցվածքներն արդեն գրեթե անխափան  են գործում։ Ազգային ժողովի դեկտեմբերի 23-ի հերթական նիստում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով նաև պատերազմի հետևանքով ենթակառուցվածքների ու տնտեսության կրած վնասները, որոնք առկա էին   2021 թվականի տարեսկզբին։

«Գիտեք, թե ինչ վիճակում ենք թևակոխել 2021 թվական․ քայքայված տնտեսություն, ենթակառուցվածքներ, հոսանքազրկված բնակավայրեր, շրջաններ, գազի մատակարարման  կեսից ավելիի կորուստներ, կապի կայանների անսարք վիճակ, ավելի քան 8000 վնասված օբյեկտներ։  Այժմ արդեն ունենք համարյա անխափան աշխատող ենթակառուցվածքներ»,-նշեց երկրի ղեկավարը՝ հավելելով, որ որոշ խնդիրներ դեռ կան մասնավորապես էներգամատակարարման բնագավառում․ առանձնապես դժվար վիճակ է ստեղծվում ձմռանը:
 
Հանրապետության նախագահի խոսքով՝ անխափան է գործում գազամատակարարումը ։
 
Այս ընթացքում կառուցվել է ավելի քան 38 կմ ասֆալտապատ ճանապարհ, ընթացքում է նաև ավելի քան 94 կմ ճանապարհների ասֆալտապատումը։
 
Արցախում ասֆալտապատման ամբողջ ծրագիրն ընդհանուր առմամբ ավարտին կհասցվի  2 տարում։
Անդրադառնալով  կապի ոլորտում առկա  խնդրին՝  նախագահ Արայիկ Հարությունյանը  նշեց, որ ադրբեջանական կողմն օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու հնարավորություններ ճնշում է կապի միջոցները որոշ բնակավայրերում:
 
Իհարկե, խաղաղապահների միջոցով փորձել ենք լուծել այդ խնդիրը, բայց, ցավոք, մինչև այսօր չի հաջողվել,-ասաց Արայիկ Հարությունյանը։
 
Նրա խոսքով՝ Արցախում ամենաժամանակակից ու ամենացածր սակագներով կապ ապահովելու ծրագիր է ներկայացրել նոր  ներդրող, որն արդեն ձեռք է բերել «Ղարաբաղ տելեկոմ»-ի սեփականության իրավունքը։ Ծրագրի իրագործումն ընթացքում է, որի համար մի քանի ամիս կպահանջվի։
 
«Ունենալու ենք ամենաէժան սակագները և ամենաժամանակակից կապ։ Այն թույլ է տալու ունենալ առանց ռոումինգի և առանց այլ խանգարումների, շատ ավելի անվտանգ կապ, որը հնարավորություն կտա նաև դիմակայել այդ խնդրին»,-ասաց Հանրապետության նախագահը՝ մանրամասնելով, որ դրա համար անհրաժեշտ է լինելու ևս մեկ ու կես ամիս։

  • Կիսվել: