երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում բնակվող շուրջ 147 միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումն իրականացվում է պատշաճ մակարդակով. նախարար

Արցախում բնակվող շուրջ 147 միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումն իրականացվում է պատշաճ մակարդակով. նախարար

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնն ապահովում է ԱՀ-ում բնակվող շուրջ 147 միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պատշաճ մակարդակը: Մասնավորապես, իրականացվում է կենցաղային սպասարկում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, այս մասին ասաց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
««Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության 75 միայնակ տարեցներ և հաշմանդամներ պատերազմական գործողությունների հետևանքով ներկայումս գտնվում են ՀՀ համապատասխան խնամքի կենտրոններում, քանի որ Ստեփանակերտի տվյալ շենքում բնակվում են մեր տեղահանված հայրենակիցները։  Զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և հետագայում մահացած 2 զինծառայողների ընտանիքներին գերեզմանի բարեկարգման նպատակով հատկացվել է 1.3 մլն. դրամի փոխհատուցում, իսկ ԱՀ 44 օրյա պատերազմի ժամանակ 423 զոհված զինծառայողների ընտանիքների նույն նպատակով` 592 մլն. 200 հազար դրամի և հուղարկավորության համար 161 ընտանիքի` 112 մլն 700 հազար դրամի չափով։ Երկու և ավելի զոհ ունեցող 99 ընտանիքների հատկացվել է 13 մլն 890 հազար դրամ նյութական օժանդակություն։ ԱՀ-ում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, ԽՍՀՄ մեդալակիրներին և նույն պատերազմում զոհվածների այրիներին, ԱՀ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, ԱՀ պատերազմի հաշմանդամներին, զոհված՝ հետմահու <<Մարտական խաչ>> 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված ԼՂ մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին ԱՀ հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվել է շուրջ 174 մլն 497 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն։ Հիշարժան օրերի կապակցությամբ ՀՄՊ մասնակիցներին, հաշմանդամներին և ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներին` 11 հոգու, տրամադրվել է 300-հազարական դրամ, ՀՄՊ մասնակիցներին ու հաշմանդամներին հավասարեցված անձանց` 108 հոգու, տրամադրվել է 50-հազարական դրամ։
 
Հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան սոցիալական խմբերին շարունակվել են տրամադրվել պրոթեզներ և օրթեզներ, օժանդակ միջոցներ, թիկնասայլակներ, լսողական սարքեր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունների համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվել 3 քաղաքացու ձայնաստեղծ սարքի պատրաստման աշխատանք: Նախարարության միջնորդությամբ քաղաք Երևանում կատարվել է 24 հաշմանդամի աչքի պրոթեզավորում, ծախսը կազմել է 1 մլն. 680 հազար դրամ, ինչը լրիվությամբ կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել 400 առողջարանային և հանգստյան տների ուղեգրեր և բաշխվել օրենսդրությամբ սահմանված կարգով: Դրամական և նյութական օժանդակության հարցերով դիմած 2953 քաղաքացիներից 139 քաղաքացու հատկացվել է 19.277.000 ՀՀ դրամ, իսկ 621 քաղաքացու՝ նյութական օգնություն»,-ներկայացրել է Ա. Պետրոսյանը:

  • Կիսվել: