չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում ավարտվել են միասնական քննությունները. ԳԹԿ տնօրենն անդրադարձել է արդյունքներին

Արցախում ավարտվել են միասնական քննությունները. ԳԹԿ տնօրենն անդրադարձել է արդյունքներին

Արցախում ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը։ Ստեփանակերտի համար 1 քննական կենտրոնում տեղի են ունեցել վերջին քննությունները՝ ֆիզիկա և հայոց պատմություն առարկաներից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ միասնական քննությունների երկրորդ փուլի մեկնարկը տրվել է հուլիսի 3֊ից։

«Հայտագրված են 29 դիմորդներ: Երկրորդ փուլին մասնակցում են հիմնականում առաջին փուլին չհայտագրված դիմորդներն ու զինծառայողները: «Ֆիզիկա» առարկայից ունենք 9 դիմորդ, իսկ «հայոց պատմություն» առարկայից՝ 4 դիմորդ: Քննությունների արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը»,- նշել է Յու. Քարամյանը:

Խոսելով առաջին փուլի արդյունքներից՝ ԳԹԿ տնօրենը դրանք այդքան էլ լավ չի գնահատում: «Առաջին փուլում անց են կացվել քննություններ «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «անգլերեն», «ռուսաց լեզու» և «քիմիա» առարկաներից: Արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն. «հայոց լեզու և գրականություն» առարկայի 12 դիմորդներից միայն 3 դիմորդ է դրական գնահատական ստացել, «մաթեմատիկա» առարկայի 12 դիմորդներից՝ 5 դիմորդ, «անգլերեն» առարկայի 2 դիմորդներն էլ դրական գնահատականներ են ստացել, «քիմիա» առարկայի 2 դիմորդներից՝ 1 դիմորդ, կենսաբանությունից՝ 1 դիմորդ: Միայն «մաթեմատիկա» առարկայից 1 դիմորդ ստացել է 14.25 միավոր,միակ բարձր գնահատականը դա էր։ Ընդհանուր առմամբ՝ արդյունքները գոհացուցիչ չեն»,- հավելել է մեր զրուցակիցը: Միասնական քննություների երկրորդ փուլի ավարտից հետո արդեն անց է կացվելու ընտրված մասնագիտության մրցույթ՝ թափուր տեղերի համար: «Թափուր տեղերի համար հայտարարվելու է մրցույթ, որի արդյունքում մեր դիմորդները հուլիսի 18-26-ը նորից դիմում-հայտեր կլրացնեն»,- ընդգծել է ԳԹԿ տնօրենը և հավելել, որ թափուր տեղերին կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր դրական գնահատականներ են ստացել, բայց հիմնական մրցույթի արդյունքում դուրս են մնացել ընդունելության ցանկերից։

Թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև հուլիսի 30-ը:

  • Կիսվել: