երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը

Արցախում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը

2021 թվականի առաջին եռամսյակում հանրապետության տարածքում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել` 22 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 պատահարի, 1 զոհի և 17 վիրավորի դիմաց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանը՝ նշելով, որ ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը և ենթակա ստորաբաժանումները համապատասխան աշխատանքներ են կատարել ճանապարհային անվտանգ երթևեկության, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մ. Նասիբյանի խոսքով՝ հանրապետության տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 3-ով, զոհերի քանակը` 4-ով, իսկ վիրավորների թիվը` 5-ով:

«Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ըստ շրջանների ցույց է տալիս, որ պատահարների աճ է գրանցվել. Ստեփանակերտ քաղաքում՝ 1, Ասկերանի և Մարտունու շրջաններում՝ հնգական դեպքերով: Գրանցված ՃՏՊ-ներից 11-ը տեղի են ունեցել հանրապետական նշանակության ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել՝ 13 մարդ, 2-ը` տեղական նշանակության ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 2 մարդ, իսկ մնացած 7-ը` բնակավայրերում, որոնց հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 7 մարդ, այդ թվում՝ 6 պատահար, 1 զոհ, 6 վիրավոր՝ Ստեփանակերտ քաղաքում: Հաշվետու ժամանակահատվածում 53-ով աճել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` 246 պատահար՝ նախորդ տարվա 193-ի համեմատ»,- մանրամասնել է ՃՈ պետը:

Ըստ մեր զրուցակցի՝ ելնելով նախորդ և ընթացիկ տարիներին գրանցված ՃՏՊ-ների վերլուծությունից, ճանապարհային ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների կողմից ծրագրավորվել և հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված ՃԵԿ-ի պահպանմանը, ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովմանը, նորմատիվ ակտերի պահանջների խախտումների ի հայտ բերմանն ու կանխմանը, տրանսպորտային միջոցների տեխնիկական և հանրապետության ավտոճանապարհների ու փողոցների վիճակի վերահսկմանը և ճանապարհային անվտանգ երթևեկության քարոզչությանը:

2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների կողմից ի հայտ է բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 3.663 խախտում՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 8.297-ի դիմաց:

Հաշվառման-քննական բաժնի կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ի հայտ է բերվել 9 վարչական իրավախախտում՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 64-ի դիմաց, որոնք ներառված են ընդհանուր քանակի մեջ: 271 վարչական նյութեր գտնվում են ընթացքի մեջ:

ՃՏՊ-ների կանխարգելման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության մասնակիցների կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ հաշվետու ժամանակաշրջանում ճանապարհային ոստիկանության, նրա ենթակա ստորաբաժանումների և ԱՀ ոստիկանության տարբեր ծառայությունների հետ համատեղ անց են կացվել 55 ստուգայցեր, որոնց ժամանակ ի հայտ է բերվել 626 ՃԵԿ-ի խախտում:

Ճանապարհային անվտանգ երթևեկությանը նպաստող բաղկացուցիչ գործոններից է հանդիսանում ճանապարհների թողունակության կարողությունը: Ճանապարհների և փողոցների վիճակի վերահսկողության նպատակով 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում կազմակերպվել է 8 հետազոտություն, արդյունքները ակտավորվել են, ներկայացվել համապատասխան մարմիններ:

Ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պարբերաբար հետազոտման են ենթարկվել մայրաքաղաքի բոլոր փողոցները` համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման և քանդվածքների վերանորոգման ուղղությամբ:

Շարունակվում է առանձնակի ուշադրություն դարձվել նաև ճանապարհամերձ օբյեկտների կառուցման համար ոստիկանության հետ համաձայնեցման գործընթացին:

Հաշվետու ժամանակաշրջանում ճանապարհային ոստիկանության կողմից տրվել է 3 շինարարության վերաբերյալ եզրակացություն: Համապատասխան աշխատանքներ են կատարվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին` հետազոտության արդյունքում կազմված ակտերում նշված քանդվածքների վերանորոգման, ինչպես նաև գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման ուղղությամբ:

Հանրապետության տարածքում փոխվել և տեղադրվել է 49 նոր ճանապարհային նշան: ՃՏՊ-ների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության քարոզչության ուղղությամբ ՃՈ կողմից զանգվածային լրատվության միջոցներով հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել է 4 հեռուստահաղորդում և 2 ռադիոհաղորդում:

  • Կիսվել: