շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է հանցագործությունների 952 դեպք՝ 2018 թ.-ի 730 դեպքի փոխարեն

Արցախում արձանագրվել է հանցագործությունների 952 դեպք՝ 2018 թ.-ի 730 դեպքի փոխարեն

2019 թվականին Արցախում արձանագրվել է հանցագործությունների 952 դեպք՝ 2018 թ.-ի 730 դեպքի փոխարեն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը և ավելացրել, որ 10 հազար բնակչին միջին հաշվարկով բաժին է ընկել 64.3 հանցագործություն՝ նախորդ տարում՝ 50.2-ի փոխարեն:

Ա. Ավագյանի խոսքով՝ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 213 դեպքով կամ 28.8%-ով: Հանցագործությունների ընդհանուր թվի աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում և գրեթե բոլոր շրջաններում: 2019 թ.-ին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 10, ծանր հանցագործությունների 56, միջին ծանրության հանցագործությունների 271 և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 607 դեպք:

« 2019 թ.-ին արձանագրված հանցագործությունների թվի աճի հիմնական պատճառներից է հանդիսանում նաև նախորդ տարիներին կատարված և 2019 թ.-ին բացահայտված շուրջ 110 դեպքերը, որոնք արտացոլել են տվյալ տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2019 թ.-ին Արցախում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 344 դեպք՝ 2018 թ.-ի 230-ի դիմաց: Հաշվետու տարում ունեցել ենք սպանության 3 դեպք, որոնք արձանագրվել են Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում: Հաշվետու տարում բացահայտվել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունները: Նախորդ տարվա համեմատ՝ 2019 թ.-ին 106 դեպքով ավելացել են հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 280/174 հարաբերակցությամբ»,- մանրամասնել է Ա. Ավագյանը:

Նա տեղեկացրել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը կազմել է 84.5%: Մտահոգիչ է այն փաստը, որ անցած տարում 6 դեպքով աճել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված 40 հանցագործություն:

«Ինչպես նախորդ տարիներին, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը գողություն, ծեծ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն են: Ողջունելի է այն փաստը, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետու ժամանակահատվածում ընդամենը 3 հանցագործություն է կատարվել անչափահասների խմբի կողմից»,- ավելացրել է Ա. Ավագյանը:

  • Կիսվել: