երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում արձանագրված 40 հանցագործությունից 35-ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ

Արցախում արձանագրված 40 հանցագործությունից 35-ն արդեն բացահայտվել է. ՆԳՆ

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում, որից 40-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 35-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված բոլոր 5 դեպքերը:

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք: Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք:

Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 7 քաղաքացի:

Ստեփանակերտ քաղաքում ինքնասպանության մեկ դեպք է արձանագրվել: 42-ամյա կինը ինքնասպան է եղել սեպտեմբերի 5-ին՝ իրենց տան նկուղում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 17-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 28 դեպք, 14 վարորդ եղել է անսթափ վիճակում, 255-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և Հանրապետությունում կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

  • Կիսվել: