հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում արդյունաբերության հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համեմատ դրական են. ԱՎԾ նախագահ

Արցախում արդյունաբերության հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համեմատ դրական են. ԱՎԾ նախագահ

Արցախի Հանրապետությունում արդյունաբերության ոլորտում արձանագրված հիմնական ցուցանիշները նախորդ տարվա համեմատ դրական են:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր նոյեմբերի 11-ին, ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով Հանրապետությունում  սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին:

«Թողարկվել է շուրջ 78,3 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք: Պատրաստի արտադրանքի իրացումը տեղում  և Հանրապետությունից դուրս կազմել է 72,1 միլիարդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ կազմել է 146.4 տոկոս, որն ապահովվել է արդյունաբերության հիմնական հատվածներում արձանագրված ցուցանիշների  աճի հաշվին: Մասնավորապես՝ հանքագործության և բացահանքերի շահագործման ոլորտում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 196,2 տոկոս: Մշակող արդյունաբերությունում  անկում է գրանցվել, որը  կազմել է 86.2 տոկոս:  Ցուցանիշներն աճել են էներգետիկայի ոլորտում՝  116.7 տոկոս,  ջրամատակարարման,կոյուղու,թափոնների հեռացման՝ 100.4 տոկոս»,-մանրամասնել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝  ընդհանուր առմամբ այս տարվա  9 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն  էական փոփոխություններ չի կրել. ինչպես նախկինում՝ գերակշռել է հանքագործության մասնաբաժինը: 

«Արդյունաբերական արտադրանքի 59,4 տոկոսը բաժին է ընկել հանքագործությանը և բացահանքերի շահագործման ոլորտին, 20,3 տոկոսը մշակող արդյունաբերությանը,  իսկ 19,7 տոկոսը էներգետիկային, իսկ  0.6 տոկոսը կազմել է ջրամատակարարման, կոյուղու,թափոնների կառավարման և վերամշակման ոլորտի մասնաբաժինը»,-հավելել է Մ.Մինասյանը՝ նշելով, որ արդյունաբերական արտադրանքի ծավալում  61,1 տոկոսը բաժին է ընկել Մարտակերտին, 29 տոկոսը Ստեփանակերտին, մնացած մոտ 10 տոկոսը մյուս երեք շրջանների միջև է բաշխվել:

  • Կիսվել: