շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում առաջին անգամ Պուշկինյան փառատոն անցկացվեց

Արցախում առաջին անգամ Պուշկինյան փառատոն անցկացվեց

Հունիսի 6-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում առաջին անգամ Արցախում Պուշկինյան փառատոն անցկացվեց:

Ինչպես տեղեացրին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախաձեռնությունը ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնինն էր՝ աջակցությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու ռուսական համայնքի:
 
«Հունիսի 6-ը՝ Ա. Պուշկինի ծննդյան օրը, հռչակվել է որպես ռուսաց լեզվի միջազգային օր, իսկ Ռուսաստանի Դաշնությունում այն նշվում է որպես Պուշկինի օր: Որոշեցինք Արցախում օրը նշանավորել Պուշկինյան փառատոնով: Նպատակ ունենք այն դարձնել շարունակական» ,- նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի հարցերի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը:
 
Կազմակերպիչների համար սկզբունքային էր Շուշիի ու Հադրութի դպրոցների աշակերտների մասնակցությունը փառատոնին: Ա. Պուշկինի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններով հանդես եկան նաև Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցի, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի, ռուսական համայնքին կից գործող կիրակնօրյա դպրոցի սաներ, բուհերի ուսանողներ ու դասախոսներ:
 
Փառատոնի բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից արժանացան պատվոգրերի ու նվերների:
 
Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Փառատոնի հատուկ հյուրերից էին ԵՊՀ դոցենտ Լիլիթ Զոլյանը և «Բարության ճանապարհ» ՀԿ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:

  • Կիսվել: