չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում առաջարկվում է ոստիկանության որոշ ծառայողների նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ կիրառել

Արցախում առաջարկվում է ոստիկանության որոշ ծառայողների նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ կիրառել

Հունիսի 17-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ։

 ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ օրակարգում ««Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
 
Օրինագծի հիմնավորումը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտյոմ Հարությունյանը։
 
Օրենքի նախագծով առաջարկվում է՝ գործող տույժից ավելի խիստ կարգապահական տույժ կիրառել ոստիկանության այն ծառայողի նկատմամբ, որն ունի գործող կարգապահական տույժ և կատարել է կարգապահական նոր խախտում։
 
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ՝ քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննության վերսկսում ծառայողի արարքին գնահատական տալու համար, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնող անձին ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում լրացուցիչ բացատրություններ վերցնելու կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորություն ընձեռել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:
 
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

  • Կիսվել: