հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում անվճար իրավաբանական օգնությունից օգտվող անձանց շրջանակն ընդլայնվել է

Արցախում անվճար իրավաբանական օգնությունից օգտվող անձանց շրջանակն ընդլայնվել է

Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱՀ Ազգային ժողովը քննարկել և հավանություն է տվել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ    Արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության օրենսդրության կատարելագործման բաժնի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից   համատեղ մշակված փաթեթով նախատեսվում է հոգեբուժական կազմակերպություններում բուժվող անձանց հնարավորություն տալ ստանալու անվճար իրավաբանական օգնություն,որը կտրամադրվի հանրային պաշտպանի նշանակած փաստաբանը, իսկ «Փաստաբանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հիմք է ստեղծվում հանրային պաշտպանի գրասենյակի համար տրամադրելու անվճար իրավաբանական օգնություն նշված անձանց:

Միաժամանակ նախատեսվում է անվճար իրավաբանական օգնության իրավունք վերապահել նաև 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված անձանց:

ԱՀ արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է լրացնել դրույթ՝ համաձայն որի քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության ժամանակ պարտադիր է նաև հանրային պաշտպանի կամ փաստաբանի ներկայությունը, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության համար գումար վճարելու պարտավորությունից դիմողները չեն ազատվի:

  • Կիսվել: