երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում. Սաղաթելյան

Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում. Սաղաթելյան

Արցախի քաղաքական վերնախավը չպետք է կատարի քայլեր, որը կկոտրի ժողովրդի ոգին, կստեղծի նոր ճգնաժամ և ժողովրդին կտանի հուսալքության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մեկ անգամ ևս փաստեց, որ չնայած բոլոր դժվարություններին և զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրավունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

Արցախի քաղաքական վերնախավը չպետք է կատարի քայլեր, որը կկոտրի ժողովրդի ոգին, կստեղծի նոր ճգնաժամ և ժողովրդին կտանի հուսալքության:

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտություն է, և առանց հստակ հաշվարկների և երաշխիքների չմտածված քայլերը կբերեն նոր ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով, իսկ մենք սխալվելու ռեսուրս այլևս չունենք:

Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում։
Համախմբում ոչ թե ինչ որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադավ ծրագրերի դեմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ։

Այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին կարևոր քայլը դա է։

Թե ով որքան է հավատարիմ այդ գաղափարին, պետք է դատել կոնկրետ գործերից, որոշ հարցերի պատասխան կտա նաև ժամանակը։

Արցախը քաղաքական հաշվարկների, անձնական հավակնությունների, տարբեր հաշիվներ պարզելու տեղ չի:

Արցախը պետք է դառնա նոր վերածննդի, համախմբման և դիմադրության օջախ, որի կողքին անվերապահ պետք է կանգնի ողջ հայ ժողովրդը ՀՀ-ում և Սփյուռքում։

Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպետք է դառնան նոր պառակտումների պատճառ։

Ես ըմբռնումով եմ մոտենում հնչեցված բազաթիվ հարցադրումների, բայց ամեն դեպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կա իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։

Մեր միակ վեճը և քննարկումները այս պահին պետք է լինի ինչպես մեկտեղել մեր ողջ կարողությունները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում և Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել և լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մեկի քաղաքական ռեյտինգը, անցյալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։
Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխավոր օրակարգին՝ Դիմադրություն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։

Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, վերջինիս շուրջ հունավորենք մեր պայքարը և գնանք առաջ։

Ես հույս ունեմ, որ առաջիկա ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կկարգավորվեն, և կկենտրոնանանք գլխավոր անելիքի վրա:

ՀՅԴ-ն, իբրև Արցախում ներկայացված խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետությունում, ՀՀ ում և ամենուր առաջնորդվում է վերը նշված սկզբունքներով, և մենք ամեն ջանք գործադրելու ենք այդ միասնությունը ունենալու համար»,- գրել է նա:

  • Կիսվել: