հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024

Արցախում անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրոշմանիշային վճարների չափերը կմեղմվեն

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել  ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգի առաջին հարցը ««ԱՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր։

ԱՀ ՊԵԿ նախագահ Դ․ Պողոսյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի համար սահմանված դրոշմանիշային վճարների չափերի մեղմման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարի չափը սահմանել 18 000 ՀՀ դրամ, 2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24 000 ՀՀ դրամ, 6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48 000 ՀՀ դրամ և 12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 ՀՀ դրամ:

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման պատճառով հեղինակի առաջարկով օրակարգից դուրս է հանվել։

««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծով առաջարկվում է՝ սահմանել համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար (բացառությամբ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման) տեղական տուրքը յուրաքանչյուր օրվա համար՝ 100-350 դրամ։

Օրակարգի վերջին հարցը «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով՝ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականից գործող թափանցիկ կառավարվող և ընդլայնված հնարավորություններով գույքային հարկերի էլեկտրոնային հարթակի համապատասխանեցման և ներդնման հետ:

Փաթեթով առաջարկվող փոփոխություններով  կկարգավորվեն գույքային հարկերի վճարման հասանելիության ու մատչելիության հետ կապված խնդիրները, ինչպես նաև կկրճատվեն հարկ վճարողների հետ անմիջական շփումները և կստեղծվեն ռեսուրսների տնտեսման հնարավորություններ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած   առաջարկություններն ընդունվել են։

Օրենքի նախագծերն ու նախագծերի փաթեթը  5 կողմ ձայնով  արժանացել են հանձնաժողովի հավանությանը, և կընդգրկվեն ԱԺ առաջիկա նիստի օրակարգում։

  • Կիսվել: