շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի մասնաճյուղի հիմնման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախում «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի մասնաճյուղի հիմնման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախում «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի մասնաճյուղի հիմնման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` մայիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

Նա նշել է, որ ԱՀ նախագահի բարձր հովանու ներքո «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի և ԱՀ Կառավարության միջև ստորագրվել է հուշագիր: Այն գործընթացի մեկնարկը կարելի էր համարել։

«Ընթացքի մեջ են տեղանքի ընտրման և տրամադրման հարցերը և օրենսդրական փաթեթների պատրաստումը: Նախատեսվում է սկզբնական փուլում բացել 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ: Համալիրն առավելություն կունենա կրթական ծրագրերի առումով, քանի որ մեր հանրակրթական դպրոցներում գործում են նախկին պետական չափորոշիչները, իսկ նոր պետական չափորոշիչներն այստեղ կներդրվեն 2023-2024 ուսումնական տարվանից։ Նոր բացվող կրթական համալիրը կորպորատիվ ուսումնական հաստատություն է և ունի իր ծրագրերն ու չափորոշիչները»,-մանրամասնել է նախարարը:

Նա նշել է նաև, որ «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից Արցախում գործող դպրոցների 4-8-րդ դասարանների աշակերտների շրջանում անց է կացվել օլիմպիադա:

«Այստեղ ևս մեր երեխաները ունեն որոշակի հաջողություններ: ՀՀ-ում կայացած առարկայական օլիմպիադաներում մեր երեխաները վաստակել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի տասնութ դիպլոմ, և տասներկու գովասանագիր: Դա մեծ աշխատանքի արդյունք է: Բացի այդ, 371 աշակերտ մասնակցել է ներպետական առարկայական օլիմպիադաների, որտեղ տոկոսային հարաբերությամբ առաջնայինը եղել է Մարտակերտի շրջանը»,-ընդգծել է նա:

  • Կիսվել: