երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում 2021-ին գրանցվել է անչափահասի կողմից կատարված 42 հանցագործության դեպք

Արցախում 2021-ին գրանցվել է անչափահասի կողմից կատարված 42 հանցագործության դեպք

Փետրվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ նախ հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած բոլոր ոստիկանների ու հերոսների: Այնուհետև ներածական խոսքով հանդես է եկել ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը:

Չնայած հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված դժվարություններին, ոստիկանության ամբողջ համակարգն աշխատել է գերծանրաբեռնված օրակարգով, կատարելով իր առջև դրված խնդիրները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ հարկ է նշել, որ 2021 թ. ընթացքում գրանցվել է 1711 հանցագործության դեպք: Նախորդ տարվա համեմատ աճել է 430 դեպքով, որը հիմնականում պայմանավորված է մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության, շրջակա միջավայրի անվտանգության, պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:

Հաշվետու տարում 48 դեպքով աճել են միջին ծանրության, 372-ով՝ ոչ մեծ ծանրության, 12-ով նվազել՝ ծանր և 2-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունները: Հաշվետու տարում արձանագրվել է 40 անչափահասի կողմից կատարված 42 հանցագործության դեպք, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 30 անչափահասի կողմից՝ 33 դեպքի համեմատ:

2021 թվականին հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության 12 և ինքնասպանության փորձի 15 դեպք, նախորդ տարվա ինքնասպանության՝ 13 և ինքնասպանության փորձի 29 դեպքերի համեմատ:

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ նշենք, որ հաշվետու տարում վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով հաշվառված 2108 հանցագործություններով՝ նվազել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 2064 հանցագործություններից բացահայտվել է 1026-ը: Միջին ծանրության 725 հանցագործություններից բացահայտվել է 234-ը, ծանր 233 հանցագործություններից՝ 37-ը, առանձնապես ծանր 20 հանցագործություններից՝ 4-ը:

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել է 36 հանցագործություն, 2020թ. նույն ժամանակահատվածի 6-ի համեմատ: Քրեական հետախուզության ծառայողների կողմից հայտնաբերվել է հանցագործության 559 դեպք, իսկ վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով բացահայտվել՝ 332 հանցագործություն, 2020 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերված 465 և բացահայտված 300 դեպքերի համեմատ:

Հաշվետու տարում ոստիկանության իրավասու ստորաբաժանումների կողմից հաշվառվել են պատահարների վերաբերյալ 7999 և հանցագործությունների վերաբերյալ 2579 հաղորդում:

Նիստի ընթացքում առանձին ելույթներով հանդես են եկել քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանը, տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Իգոր Օհանյանը, ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը, Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը, Մարտունու շրջանային բաժնի պետ Սուրեն Դանիելյանը, կադրերի բաժնի պետ՝ Արմեն Բաղրյանը:

Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը բավարար է գնահատել ոստիկանության 2021 թվականին կատարված աշխատանքը և մատնանշել թերություններն ու բացթողումները։

Նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։

Կոլեգիայի նիստի ավարտին գերատեսչական մեդալներով, դրամական խրախուսանքով և թանկարժեք նվերներով պարգևատրվել են 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ իրենց լավագույնս դրսևորած ծառայողները, կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ:

Նիստին մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, շրջանային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

  • Կիսվել: